211652_close_icon
views-count1698 դիտում article-date 11:36 22-01-2020

Միակ «կարմիր գիծն» այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս ամերիկյան մի սերիալ էի նայում, որի դրվագներից մեկը հետևյալն էր: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ հանրապետականների և դեմոկրատների դիտորդները բավականին բարձր նոտաներով վիճում են քաղաքական թեմաներով: Դա տեղի է ունենում ընտրական տեղամասի մոտակայքում՝ ըստ ամերիկյան օրենքների, ընտրությունների ժամանակ քաղաքական խնդիրներից կարելի է խոսել միայն տեղամասից 50 մետր հեռավորության վրա: Հանկարծ նույն տեղում հայտնվում են նեոնացիստները (ռասիստները) ու համապատասխան կարգախոսներով ցույց են անում: Եվ քաղաքական հակառակորդներն իսկույն մոռանում են իրենց հակասությունների մասին ու միավորվում են ցուցարարների դեմ: Կասեք, ամերիկյան արժեքների ուղղամիտ քարոզչություն է: Գուցե և այդպես է: Բայց դա քարոզչություն է, որը «կարմիր գծեր» է մատնանշում՝ այն սահմանները, որոնցից անցնողները դառնում են մարգինալ (լուսանցքային): «Կարմիր գծերն», ի դեպ, հենց այնպես չեն առաջանում, դրանք նվաճվում է, դրանց համար պայքար է մղվում, ինչը կոնկրետ այս դեպքում 1950-60-ական թվականներին անում էին Մարթին Լյութեր Քինգը և նրա հազարավոր համախոհները: Մեր պետությունը չունի 250 տարվա անընդմեջ գոյության պատմություն և, հետևաբար, հասարակությունը չունի նաև կարմիր գծերի ավանդույթ: Միակ «կարմիր գիծը», որը ձևավորվել է վերջին 30 տարվա շուրջ, այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում (այդ «գծի» ձևավորմանը մեծապես նպաստել է հարևան երկրի քաղաքականությունը): Այս իրավիճակն օրինաչափ է, որովհետև Երրորդ հանրապետությունը գաղափարապես ձևավորվել է ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ցույցերի ժամանակ, և այդ հարցն առավել մեծ խորությամբ է «մշակվել» պետության «հիմնադիր հայրերի» («Ղարաբաղ» կոմիտեի) կողմից: Մնացած ուղղությունները «մշակված չեն»: Մասնավորապես, «Ղարաբաղ» կոմիտեին և հետագա բոլոր իշխանություններին առանձնապես չէր հետաքրքրում այն հարցը, թե ինչպիսի բարոյական սկզբունքների վրա պետք է հիմնված լինի մեր պետությունը, ինչը պետք է միանշանակ մերժվի հասարակության կողմից: Արդյոք «կարմիր գի՞ծ» է բռնությունը ներքաղաքական կյանքում խնդիրներ լուծելիս: Ոչ, ոստիկանության գունդը զենքով գրաված և առնվազն մեկ ոստիկան սպանած խմբի անդամները չափազանց հպարտ են իրենց «հերոսությամբ» և այդ հպարտությունը կիսում է հանրության զգալի մասը: Արդյոք «կարմիր գի՞ծ» է իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելը: Ոչ, դա Հայաստանի ոչ մի իշխանության համար խնդիր չի՝ կա համոզմունք, որ նրանք, ովքեր «սև» են, պետք է հետապնդվեն «ամեն գնով»: Արդյոք «կարմիր գի՞ծ» է քաղաքական (խորհրդարանական) բանավեճի ժամանակ դիմացինին հարգելը և զուսպ, քաղաքակիրթ բառապաշար օգտագործելը: Ոչ, քաղաքական ուժերը խրախուսում են ճիշտ հակառակ մոտեցումը: Տարիների ընթացքում ես իմ կյանքում բազմաթիվ «կարմիր գծեր» եմ ավելացնում: Բայց դա ամենևին չի սահմանափակում իմ ազատությունը: Տեղի է ունենում հակառակ գործընթացը, որովհետև այդ գծերը կառուցվում են ներսից, իսկ ազատությունը սահմանափակվում է դրսից: Որքան շատ են ներքին պատնեշներն, այնքան մարդիկ անտարբեր են արտաքին (այդ թվում՝ հասարակական կարծիքի) պարտադրանքի հանդեպ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր