հիմնական կայք
Լրահոս

«Գազպրոմը» գազը չի թանկացնի, բայց կկրճատի 600 աշխատակցի. «Ժողովուրդ»

«Գազպրոմը» գազը չի թանկացնի, բայց կկրճատի 600 աշխատակցի. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով:


Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից հաստատել էին մեր տեղեկությունները՝ մեկ հերքումով, որ դա կապված չէ գազի գնի բարձրացման հետ: «2019թ. ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից», – հայտնել էին «Գազպրոմից»:


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից երեկ հետաքրքրվեց՝ հետևո՞ւմ են արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվող իրադարձություններին և ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը:

Փոխվարչապետն ասաց, որ երկու հարցերն իրար հետ կապելը դիլետանտություն է՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ մինչև ապրիլի 1-ը ընկերության կողմից սակագնի բարձրացման հայտ չի ներկայացվի:

Անդրադառնալով սպասվող կրճատումներին՝ փոխվարչապետը նշեց. «Այնտեղ կատարվող իրադարձություններին դետալիզացված հնարավոր կլինի հետևել, երբ հայտ ներկայացնի ընկերությունն, ու ուսումնասիրություն սկսվի: Այդ ժամանակ կներկայացվեն աշխատավարձի հետ կապված հարցերը, թվաքանակը և այլ հարցեր: Սակայն, եթե ընկերությունը հայտ չներկայացնի, ապա կառավարությունն այդտեղ խառնվելու իրավասություն չունի, քանի որ դա ընկերության ներքին հարցերն են»:

Ամեն դեպքում, արձանագրենք՝ «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում, որը, թերևս, բողոքի նոր ալիք կբարձրացնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք