211652_close_icon
views-count4194 դիտում article-date 14:57 21-01-2020

ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/1002066.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը: «Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը: Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել: Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզան Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից:

Նմանատիպ նյութեր