211652_close_icon
views-count5207 դիտում article-date 21:13 20-01-2020

«Կհարվածենք ցանկացած երկրի, որի տարածքում մեր դեմ դավեր կնյութվեն». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է ռազմական հարված հասցնել ցանկացած երկրի, ներառյալ՝ բարեկամ պետություն Իրաքը, եթե այդ երկրի տարածքը ծառայեցվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դավադրության կազմակերպմանը։ Նման հայտարարությամբ հունվարի 20-ին հանդես է եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, գրում է[url=http://regionmonitor.com/language/ru/] Regionmonitor[/url]-ը։ Այդ կերպ Իրանի ԱԳՆ պատասխանել է Իրաքի՝ ՄԱԿ-ին ուղղված բողոքին՝ ընդդեմ Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների հրթիռակոծության։ Մուսավին պնդել է, որ Իրանը նախապես տեղեկացրել էր Իրաքին՝ հրթիռակոծության վերաբերյալ, ուստի իրականում Իրաքը դեռ պետք է բացատրություն տա, թե ինչու է բողոք ներկայացրել ՄԱԿ-ին։ «Ինչպես ավելի վաղ հայտարարել ենք՝ մենք կհալածենք ցանկացած տարածք, որը կօգտագործվի Իրանի դեմ դավադրության համար», հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Թեհրանի կողմից ռմբակոծված Իրաքի արևմտյան «Այն ալ-Ասադ» ռազմաբազան օգտագործվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ։ Հիշեցնենք, որ իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին զոհվել է հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի՝ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծության հետևանքով։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույն օրը հրահանգեց խիստ պատասխան տալ ԱՄՆ-ին՝ Սոլեյմանիի սպանության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնաց հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող 52 օբյեկտների, եթե Իրանը որոշի պատասխան գործողություն իրականացնել ԱՄՆ-ի դեմ։ Հունվարի 8-ին Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված երկու ամերիկյան ռազմաբազաներին, բայց Թրամփը որոշեց պատասխան հարձակում չիրականացնել՝ հաշվի առնելով, որ Թեհրանի հարվածներից ամերիկյան կողմը առանձնապես լուրջ վնաս չի կրել։

Նմանատիպ նյութեր