211652_close_icon
views-count2769 դիտում article-date 10:28 20-01-2020

«Ես Հայաստան պիտի մնամ». Սպարտակ Ղարաբաղցյան

Առանց դեղագործ Հակոբի հալեպահայերի հավաքը մի տեսակ անգույն էր ու անզարդ: Այս անգամ էլ Հակոբը չկար, բացակայում էր: Ավոն (Ավետիսը), որն ամիսներ առաջ էր Հալեպից մի կերպ հասել Հայաստան, փորձեց կատակել. -Հակոբի հաճախորդները շատցել են… Դեղ կշինե, քիթ սրբելու ժամանակ չունի… -Հեռաձայնի թիվը չունի՞ք, մեյմը զանգեք,- անհանգստացավ մեկ ուրիշը: -Հակոբն էլ երևի Շվեդի ճամփան բռնեց… -Չէ, կարծեմ Կանադա վազեր գացեր է՝ աղջկան տեսնելու… Ենթադրությունները կշարունակվեին, եթե Կարոն տեղյակ մարդու վստահությամբ չասեր. -Ի՜նչ Շվեդ, ի՜նչ Կանադա… Հակոբը հիմիկ ու հիմիկ Հալեպ է: -Հալե՞պ,- զարմացավ Ավոն,- խե՞նթ է… Մենք Հալեպեն կփախնինք, Հակոբը Հալե՞պ է: -Մարդը գնացել է քրոջը վերջին հրաժեշտը տալու, ուրեմն խե՞նթ եղավ,- նեղսրտեց Կարոն: Ծանր լռություն իջավ: Հավաքվածներից ամեն մեկը երևի հիշեց հայկական գերեզմանատանը թողած իր հարազատին ու մտքով հասավ Հալեպ… -Իրավ, մոռցել էի,- լռությունը խախտելով հիշեց Հարութը,- ինձի ըսել էր, որ քույրը մահամերձ է… Գնաց ուրեմն… -Հալեպը ավերակներու վերածվել է, Հալեպ մնա՞ց որ…,- հուզմունքից Կարպիսը (Կարապետը) չկարողացավ շարունակել. ցավն ու ափսոսանքը այնքան մեծ էին, այնքան անկեղծ, որ ուր որ է պիտի լաց լիներ…. -Է՜հ, մեր բախտեն,- Կարպիսի անավարտ խոսքը բռնեց ու շարունակեց Ավոն,- ինչե՜ր դրինք այդ քաղաքին մեջ, ինչե՜ր սարքեցինք, ի՜նչ սիրով, հավատով ըրինք… Ամենը, ամենը ջուրը թափվեցավ… Ավոյի անսքող, անկեղծ ափսոսանքի մեջ հալեպահայության ձայնն էր ու նաև զղջումը գուցե… -Հոգ մի ընե, նորեն կշենցնենք,- հուսադրեց Կարոն: Մինչ այս լուռ մնացած ոսկերիչ Խաչատուրն ասես պայթեց. -Չէ, ախպա՛ր, գոհ ու շնորհակալ եմ Հալեպեն, ես հոս պիտի մնամ, հոս պիտ շենցնեմ… Չեմ ուրանար, երբեք չեմ մոռանա, որ թուրքեն, քուրդեն հրաշքով ազատված ուրֆացի ու սասունցի պապերուս համար Հալեպը պատսպարան եղավ, հույս ու ջուր եղավ: Ինձ համար էլ՝ տունուտեղ, հարստություն… Ոսկերիչ Խաչատուրը երախտապարտ որդու, շնորհակալ մարդու զգացումով էր խոսում: Հավաքվածներից ամեն մեկն իր մեջ երախտիքի այս զգացումն ու սերն ուներ առ Հալեպ, առ Սիրիա… -Շիտակ կըսեմ,- շարունակեց ոսկերիչ Խաչատուրը,- ես հոս պիտի մնամ, լավ-վատ՝ Հայրենիքս է: Ոսկերիչ Խաչատուրի խոսքը ծանր էր, իր արհեստի պես ազնիվ: Հավաքվածները լավ գիտեին, որ Խաչատուրն առանց ծանրութեթև անելու խոսք չի ասի, որոշում չի կայացնի: Միակ մարդը, որ անակնկալի եկավ, Ջորջն էր, ու փորձեց հիշեցնել. -Երեկ ուրիշ բան կսեիր, Խաչատո՛ւր: Հետո մեկ-մեկ, հատ-հատ մատները ծալելով՝ շարունակեց. -Հայաստան ապրուստը թանկ է, կաշառակերություն, կսեիր՝ հոս մեզ չեն սիրեր… Ի՞նչ եղավ, Խաչատո՛ւր, մեկ գիշերվա մեջ փոխվեցա՞վ, դրա՞խտ դարձավ Հայաստանը, ապրուստը էժնցա՞վ, այլևս մաֆիա չկա՞, ատելությունը սիրո՞ փոխվեցավ այլևս… -Չեմ ժխտեր, ըսել եմ,- խոստովանեց Խաչատուրը,- երեկը երեկ էր, կարևորը վաղն է, Ջո՛րջ, վաղը… -Դուն մնա, Խաչատուր, շենացուր Հայաստանդ ալ, Արցախդ ալ, ես պիտի երթամ,- պարտված ու խռոված երեխայի պես ասաց Ջորջը: -Երթալիք տեղդ ըսե՝ գիտնանք: -Շվեդ…,- փշրված ժպիտը դեմքին ասաց Ջորջը: -Հարցմունք մը կարելի՞ է, պարո՛ն Ջորջ,- Կարոյի ձայնի մեջ հեգնանք ու խայթ կար: Ջորջը նկատել էր, ու փորձեց նույն ձևով հակադարձել. -Հրամմե, ընկե՛ր Կարո: -Ի՞նչ ես կորցրել Շվեդ: -Հոս ալ բան մը չգտա: -Լավ փնտրիր… -Ժամանակը չի բավեր, ընկե՛ր Կարո, ալ հոգնեցինք՝ ասոր-անոր դռները բախելով, ասոր-անոր խնդրելով, ասոր-անոր բաժնելով… -Բարով երթաս, պարո՛ն Ջորջ, բայց նայե, Նշանի օրը չընկնես… -Ո՞ր Նշանի, լումայափո՞խ,- հետաքրքրվեց Հարութը: -Նպարավաճառ Նշանի, կհիշե՞ս… -Եղբայրն Ամերիկա չէ՞ր… -Ամերիկա է, Հայաստան կուզեր գալ, եղբոր հետ գործ սկսել: Նշանը քրոջ խոսքին մտիկ ըրավ, աներ հայրը Շվեդ հաստատվել էր, հոն որոշեցին երթալ… -Տնփեսա գացած է,- կատակեց Ավոն: -Հայրենիք ունենալեն ետք ուրիշ Հայրենիք փնտրողը, իրոք, տնփեսայի կնմանի… Ջորջը ոսկերիչ Խաչատուրի անակնկալ որոշումից դեռ ուշքի չէր եկել ու որոշեց գաղտնիքն իմանալ. -Խաչատո՛ւր, կաղաչեմ, միայն շիտակն ըսէ, ո՞վ խաղցավ խելքիդ հետ: Խաչատուրը կարեկից ժպիտով նայեց Ջորջին ու պատասխանեց. -Զավակս: -Գևո՞րգը,- զարմացավ Ջորջը,- ի՞նչ ըսավ, որ թևաթափ եղար: -Ընդհակառակը, Ջո՛րջ, նոր թևեր բուսնան, երբ զավակս «ես Հայաստան պիտ մնամ» ըսավ… Ասորմե անուշ բա՞ն, ասորմե աղվոր որոշո՞ւմ… Ո՞ւր երթամ, ո՞ւմ համար… Լավ, թե վատ՝ Հայրենիքս է, օր մը կշտկվի, ան ալ զավակիս պես մեկ հատիկ է… Մենք Հալեպը շենցուցինք, մեր զավակներն էլ թող Հայաստանը շենցնեն… Ասված ուզե, օր մըն ալ անոնց զավակները Ուրֆան ու Սասունը կըշենցնեն… Անդին 6, 2015 Աղբյուրը՝ [url=http://andin.am/2016/02/29/%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%b6%d5%a1%d5%b4/]andin.am[/url]

Նմանատիպ նյութեր