հիմնական կայք
Լրահոս

Լարված իրավիճակ Լոռու մարզում. վանաձորցիներն ասում էին՝ «պարոնայք մարզպետ ու քաղաքապետ, թույլ չենք տա բնակելի շենքերի մոտ կառուցեք էլիտար գերեզմանատուն․ այստեղ պետք է ստեղծվի Սիրո և համերաշխության այգի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարված իրավիճակ Լոռու մարզում. վանաձորցիներն ասում էին՝ «պարոնայք մարզպետ ու քաղաքապետ, թույլ չենք տա բնակելի շենքերի մոտ կառուցեք էլիտար գերեզմանատուն․ այստեղ պետք է ստեղծվի Սիրո և համերաշխության այգի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունվարի 19-ին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:


Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու մի խումբ բնակիչներ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են բնակելի շենքերի հարևանությամբ «էլիտար» գերեզմաններ կառուցել:


Բնակիչների խոսքով՝ տարածքում արդեն հարթեցման աշխատանքներ են իրականացվել, որոնց շարունակությունը կանխվել է իրենց կողմից: Բնակիչներին անգամ չեն պատասխանել, թե ինչ են ցանկանում կառուցել այդտեղ իրականում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս թաղամասը քաղաքի ու մարզի պաշտոնյաները ընտրությունից ընտրություն են եկել, հիմա դրել, չգիտես, ո՞ր մի «ծալապակասի» ուղեղով անցել է, ու որոշել են, որ այս հատվածում պետք է էլիտար գերեզմանատուն կառուցվի: Մենք դա հաստատ թույլ չենք տա, ով ուզում է լինի, արյուն կթափվի այստեղ, եթե հանկարծ փորձեն գերեզման սարքել: Շենքերի հարևանությամբ արդեն մի մեծ գերեզմանոց կա, դա քիչ էր, հիմա էլ մեկ ուրիշն են ուզում կառուցել: Մենք թույլ չենք տալու, որ մեր երեխաները ամեն օր դուդուկի ձայն ու լաց ու կոծ լսեն: Թող մեզ մարդասպանության չտանեն, եթե հանկարծ նման բան եղավ, թաղամասի ողջ բնակիչներով կդառնանք թշնամիներ այստեղ բերվող հանգուցյալների հարազատների հետ»:

Բնակիչներն ասում էին նաև, որ ստեղծված իրավիճակի մասին բացատրություն ստանալու նպատակով հանդիպել են նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով սակայն իրենց հայտնել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ու եթե մեր քաղաքապետը ասում է՝ ոչնչից տեղյակ չի, մեզ այլ ելք չկա, պետք է դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Բնակիչները իրենց զարմանքն էին արտահայտում, թե ինչպես է պատահում, որ քաղաքի կենտրոնական մասում շինարարություն է արվում, սակայն մարզպետն ու քաղաքապետը տեղյակ չեն։ «Ու այդ դեպքում, եթե իսկապես տեղյակ չեն, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի մեր՝ բնակիչներիս, ովքեր իրենց ընտրողներն են, ապացուցեն, որ իրականում ոչ մի գերեզմանատուն էլ չի կառուցվելու, և որ մեր՝ բնակիչների մտավախություններն անտեղի են»:

Բնակչներն ասում էին նաև, որ եթե Ն․ Փաշինյանը տեղեկանա այս ամենի մասին, հաստատ որոշում կկայացնի ի շահ բնակչի։ «Մենք էլ Լոռու մարզպետին, ու Վանաձորի քաղաքպետին առաջարկում ենք՝ նշված հատվածում կազամակերպեն ծառատունկ, ստեղծեն խաղահրապարակ, տեղադրեն մի քանի զրուցարաններ (բիսեդկա), ինչը նվեր կլինի թե՛ Վանաձորին, թե՛ մեր թաղամասի բնակիչներին։ Մենք էլ այդ այգին ու խաղահրապարակը կկոչենք սիրո և համերաշխության այգի, այլ ոչ թե անդրշիմիրիմյան հովիտ։ Այնպես որ՝ հարգելի մարզպետ ու քաղաքապետ, արեք՝ քարը ձեր փեշից թափեք ու գոնե այս անգամ որոշում կայացրեք ի շահ բնակչի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք