211652_close_icon
views-count2135 դիտում article-date 09:13 16-01-2020

Հավակնոտ բարեփոխումներ Հայաստանում՝ մարդու իրավունքների ոլորտում. Human Rights Watch․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում 2018-ին իշխանության եկած ուժերը հայտարարել են հավակնոտ բարեփոխումների օրակարգ տնտեսական եւ դատական ոլորտներում, նշված է անվանի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տարեկան զեկույցում: Այդուհանդերձ, մարդու իրավունքների ոլորտի հետ կապված որոշ խնդիրներ Հայաստանում մնում են: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5247254.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Կազմակերպության «2020 Համաշխարհային Զեկույց»-ում նշված է, որ Հայաստանում առկա խնդիրներն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնությանն ու սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությանը: 2019-ի առաջին կիսամյակում միայն իրավապահները Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված 331 գործ են հարուցել, սակայն, կանանց եւ երեխաների պաշտպանության հարցը չի կարգավորվել: Միասեռականների նկատմամբ Հայաստանում բռնությունների դեպքերն էլ ավելի բարդ է հաշվարկել, քանի որ հաճախ հանրային ճնշման պատճառով տուժածները ոստիկանություն հաղորդում չեն ներկայացնում: Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Իրավապաշտպանների գնահատմամբ, այս երկրի իշխանությունները կոշտ վերահսկողության տակ են պահում հասարակությունը, նվազեցնում քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, բացառում մամուլի ազատության որեւէ արտահայտումներ: Վրաստանում իշխանությունները 2019-ին չարդարացված բռնություն են գործադրել ամռանը խաղաղ ցույցերը ցրելու նպատակով, իսկ Rustavi 2 հեռուստաալիքի գործարքը ճնշման տակ իրականացնելու արդյունքում հարված է հասցվել երկրում ազատ խոսքին: Անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է նաեւ Ռուսաստանում, Թուրքիայում եւ Իրանում: Այդ երեք երկրների իշխանություններն կոշտ արգելափակել են իրենց քաղաքացիների խաղաղ բողոքելու իրավունքն ու պատժել ցույցերի մասնակիցներին: Ռուսաստանում անհիմն ընտրապայքարից հանվել են բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի իշխանության բոլոր ճյուղերն իր վերահսկողության տակ է վերցրել, իսկ Իրանում տեղի են ունեցել ցուցարարների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքեր: Մարդու իրավունքների համար արմատական խնդիր է Չինաստանը, որի իշխանությունների կարծիքով, մարդու իրավունքներն այդ երկրի համար էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում, նշված է Human Rights Watch-ի զեկույցում: Չինաստանն էլ իր հերթին էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար: Այսպես, Չինաստանը խախտում է մարդու իրավունքները ոչ միայն սեփական երկրի ներսում այլեւ՝ սահմաններից դուրս, նշում է Human Rights Watch կազմակերպության փորձագետ Յաքուի Վանգը: Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի կարծիքով, սա «վերջին տասնամյակներին Չինաստանում առավել հուժկու բռնաճնշումներն են, որոնք կարելի է երեւի թե համեմատել Մշակութային Հեղափոխության ժամանակների հետ»: Չինաստանը քննադատության հետ համաձայն չէ, պնդելով, որ հետապնդվողները, այդ թվում եւ Հոնգ Կոնգի բողոքավորները, խախտում են օրենքը:

Նմանատիպ նյութեր