211652_close_icon
views-count75698 դիտում article-date 23:37 15-01-2020

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. կրակը մոխրակույտի է վերածել անասնագոմն ու թոնրատունը. հրշեջներն ու գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են անասուններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազարավան գյուղում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, գյուղացիները փորձում էին իրենց ուժերով գոմից դուրս բերել անասուններին և ժամանած հրշեջ-փրկարարների հետ, վտանգելով իրենց կյանքը, նշված գյուղի 5-րդ փողոցի 25 տան բնակիչ՝ 62-ամյա Իվան Հովսեփյանին պատկանող անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի միջից դուրս են բերել նրան պատկանող 2 կովը, 1 հորթը, 1 խոզը, 15 հավ և 2 հնդկահավ։ Արդեն ժամանած հրշեջ-փրկարարները մի քանի ժամ գյուղացիների հետ համատեղ պայքարում էին կրակի տարածման դեմ։ Ամբողջությամբ այրվել է անասնագոմը, այնտեղ եղած մոտ 300 հակ անասնակերը, թոնրատունը և թոնրատան մեջ պահեստավորված վառելափայտը։ Միակ սփոփանքը նա է, որ բարեբախատբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած գյուղացին, ով բազմանդամ ընտանիքի հայր է և զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ, առաջին հերթին, շնորհակալություն էր հայտնում իր հարևաններին ու գյուղացիներին՝ ասելով. «Եթե հարևաններս ու գյուղացիները չլինեին, անասուններին կորցնելու էի։ Իրոք, ճիշտ է ասված, որ մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամի հասնելը, հարևանն է հասնում։ Ես գոհ եմ իմ գյուղացիներից, գոհ եմ նաև հրշեջ-փրկարարներից, ովքեր գյուղացիների հետ մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի դեմ»։ Իսկ մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «Ուզում ենք հավատանք, որ Արագածոտնի մարզպետը օգնության ձեռք կմեկնի Իվան պապիին, ով գյուղում հարգված ու սիրված անձնավորություն է։ Ինքն իր բազմանդամ ընտանիքին նվիրված, բայց դե ճիշտ ա ասված, էլի, որ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում։ Հույս ունենք, որ մարզպետը հնարավորության սահմաններում իր խոսքը կասի և թե տուժածները, թե մենք՝ գյուղացիներս, ականատես կլինենք, թե ինչպես է մարզպետը օգնության ձեռք մեկնում գյուղացուն»։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Տեղում էին նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր