հիմնական կայք
Լրահոս

Հերթական սրբապղծությունը՝ Կոտայքի մարզում. թալանել են Մայակովսկու գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին

Հերթական սրբապղծությունը՝ Կոտայքի մարզում. թալանել են Մայակովսկու գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին Երեկ՝ հունվարի 13-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու դրամարկղը կոտրել են, հափշտակել այնտեղ եղած գումարը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:


Ոստիկանները պարզել են, որ հունվարի 12-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ի ժամը 13:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու աջակողմյան հատվածում գտնվող պատուհանի ճաղավանդակների պտուտակահանները հանելու միջոցով ներս են մտել եկեղեցի և տեխնիկական միջոցով կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած ողջ գումարը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք