հիմնական կայք
Լրահոս

Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաև այլ համայնքների բուժհաստատություններ: «Իրատես»

Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաև այլ համայնքների բուժհաստատություններ: «Իրատես» «Իրատես» թերթը գրում է. «Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաև բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում:


Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից:


Մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարողներն այժմ խոստովանում են՝ ծնունդները քիչ են: Նախարարության որոշման դեմ առաջինը մարալիկցիներն են հանդգնել դուրս գալ: Ծննդատունը, որ նախորդ տարի 126 ծնունդ է ունեցել, չպետք է փակվի՝ պնդում են տեղաբնակները: Ոչ միայն Մարալիկը, այլ նաև տարածաշրջանի գյուղերը սպասարկող բուժհաստատության փակվելու որոշման դեմ դուրս եկածները հայտարարել են՝ եթե հարցը չլուծվի, ճանապարհ կփակեն ու հրաժարականներ կպահանջեն:

Բժիշկներն ահազանգում են՝ դեպքեր են լինում, երբ ծննդկանին մինչև մարզկենտրոն Գյումրի չեն կարող հասցնել, հետաքրքիր է՝ ո՞ր մի խելացի մասնագետը կարող է կողմ լինել, որ հղի կինը ծննդատուն հասնելու համար երբեմն նաև մոտ 50 կմ ճանապարհ անցնի: Մարալիկի ծննդատան ճակատագրին են արժանանալու նաև Բերդի, Աչաջրի և այլ համայնքների բուժհաստատություններ:

Աչաջուրցիները նույնպես վճռական են տրամադրված, արդեն ավագանու արտահերթ նիստ են հրավիրել ու դիմելու են թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ առողջապահության նախարար Թորոսյանին: Բայց թե դիմում-բողոքները, հորդոր-կոչերը որքանով էական դեր կխաղան հարցի լուծման խնդրում, դժվար է ասել: Ավելի շուտ, դժվար չէ կռահել՝ մի քանի բողոքի ակցիա, փակվող ճանապարհներ, վարչապետի մեկ «լայվ», ու «ժողովրդի սրտի» կառավարությունը կվարվի այնպես, ինչպես որոշել էր նախապես»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք