211652_close_icon
views-count2757 դիտում article-date 10:07 11-01-2020

Ինչպես պայքարել կեղծ լուրերի դեմ․ փորձագետների խորհուրդները․ «Ամերիկայի ձայն»

Համաշխարհային մակարդակով առցանց վտանգների և կեղծ լուրերի տարածման հիմնական աղբյուր հանդիսանում է չորս պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան և Հյուսիսային Կորեա: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Սթրեյերը: Նրա խոսքով, նաև ԱՄՆ-ի ջանքերով ՄԱԿ-ում ճանաչվել է երկու կարևորագույն կետ՝ միջազգային օրենքը նույնչապ կիրառվում է առցանց ոլորտում և երկրորդը՝ երկիրը չի կարող առցանց հարձակում գործել այլ երկրի հիմնական ենթակառուցվածքների վրա. «Աշխարհին ուղղված մեր խոսքը պարզ է՝ մենք ցանկանում ենք օգնել զարգացնել տոխնոլոգիաներ, որոնք բաց են, վստահելի և անվտանգ»: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Վաշինգտոնում, Գերմանական Մարշալի հիմնադրամի նախաձեռնությամբ փորձագիտական քննարկում է անցել, որի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձագետները իրենց մտքերն են կիսել առցանց վտանգների և կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու փորձով: Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի դեպքում կեղծ լուրերի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է: Եվրասիական գործընկերության հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց՝ Հայաստանի դեպքում կեղծ լուրեր տարածող երկրների քանակը Ռուսաստանով չի սահմանափակվում. «Այստեղ ակտիվորեն գործում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան»: Հետազոտության համաձայն, Հայաստանում Մոսկվայի կեղծ քարոզչությունը միտված է ժողովրդավարության և եվրոպական արժեքների թուլացմանը, ներքաղաքական համերաշխության տապալմանը, մինչդեռ մյուս երկրներում Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նաև ներազդել ընտրությունների արդյունքների վրա: Այդ դեպքում, ինչպե՞ս հակազդել Մոսկվայի ապօրինի գործողություններին: Փորձագետների խոսքով, առկա են մի շարք միջոցներ, սակայն, դրանցից հիմնականը կայուն, ժողովրդավար պետության կառուցումն է: «Եթե դուք ունեք կոռուպցիայի վրա հիմնված համակարգ, ապա որևէ շանս չունեք մրցակցելու Ռուսաստանի հետ՝ այս սպորտաձևում Ռուսաստանը չեմպիոն է: Ուստի, եթե ձեր երկրում համակարգը կոռումպացված է, ռուսները կվերցնեն ամեն ինչ վերահսկողության տակ», - նշում է մոլդովացի փորձագետ Վալերիու Պաշան: Մեկ այլ խնդիր է պետական մարմիններից եկող տեղեկատվության պակասը, որը ճանապարհ է բացում կեղծ լրատվության տարածման համար: Կեղծ լուրերի դեմ պայքարելու լավագույն գործիքներից է քաղաքացիական հասարակությունը, որն ավելի գրագետ է և տիրապետում է կրիտիկական մտածողության: Նաև այդ պատճառով քաղհասարակությունը Մոսկվայի պատվերով գործող կազմակերպությունների թիրախում է, նշում է Վրաստանի փորձագետ Եկատերինա Մետրևելին. «Որպես վտանգավոր միտում նշեմ, որ քաղհասարակությունն այդ ուժերը փորձում են ներկայացնել որպես արտերկրյա գործակալներ»: Կերծ լուրեր տարածողների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց փողերի լվացման դեմ պայքարն է, քանի որ առցանց կեղծիքներով և քարոզչությամբ զբաղվող կազմակերպությունները գրեթե միշտ ֆինանսավորվում են ապօրինի ճանապարհով, նշում են փորձագետները: Երևանի և Բաքվի դեպքում Ռուսաստանն ունի ազդեցության ևս մեկ գործոն՝ ղարաբաղյան հակամարտության առկայությունը, նշում է Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոնաթան Կացը. «Ռուսաստանը հաճախ լարում է մի կողմը մյուսի դեմ, Բաքուն և Երևանը միմյանց դեմ, երբ Ռուսաստանին պետք է, որ երկրներից մեկն ընթանա այս կամ այն ուղղությամբ: Դա արվում է առցանց գործիքների, էներգետիկ խնդիրների, ապատեղեկատվության և զինամթերքի վաճառքի միջոցով»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5240853.html]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր