հիմնական կայք
Լրահոս

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ պաշտպանության նախարարը քննարկել են իրաքյան զարգացումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ պաշտպանության նախարարը քննարկել են իրաքյան զարգացումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում տեղի ունեցած վերջին զարգացումները:


Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՆԱՏՕ-ն դադարեցրել է իրաքյան բանակի համար սպաներ պատրաստելու իր առաքելությունը: Այս քայլը ՆԱՏՕ-ն բացատրել էր երկրում անկայունության բարձր մակարդակով, որն ի հայտ է եկել ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս:

«Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք