հիմնական կայք
Լրահոս

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. հետախուզման մեջ գտնվող «Ռեմբոյի տղա Թաթոսիկն» ասում էր. «էս ինչ լարել լարին, վախից տակս արեցի, չհասցրի զուգարանի թուղթը վերցնեմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. հետախուզման մեջ գտնվող «Ռեմբոյի տղա Թաթոսիկն» ասում էր.  «էս ինչ լարել լարին, վախից տակս արեցի, չհասցրի զուգարանի թուղթը վերցնեմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը , ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:


Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա, իրեն դնելով Ռեմբոյի տղու տեղը, չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի:

Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր՝ ժողովրդի լեզվով ասած, բրդելով առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:

Դեպքի վայրում հավածքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում, Mercedes-ը մի հատ ավտո բռթելով առաջ բերեց, հետո խփեց սովետական 06-ին: Մինչ շողուլի կգայինք, արդեն տեսանք քաղաքացիական հագուստներով մի քանի անձինք Mercedes-ի միջից վարորդին պառկացրին ասֆալտին ու արդեն ուրիշ ավտոմեքենա եկավ ու դրան տարան:

Տանելու ժամանակ էդ Mercedes-ի շոֆեռը գոռում էր՝ Հորս արև, էս ինչ լարել լարիք, էս ինչ բռնել բռնիք, վախից տակս արեցի: Ավտոյի միջից գոնե թողեք զուգարանի թուղթը վերցնեմ:

Ճիշտն ասած, մենք մտածեցինք, երևի իրոք հումորային կինո են նկարում, բայց, երբ էդ տղուն , ով ասում էր՝ վախից տակս արեցի, չհասցրեցի զուգարանի թուղթը վերցնեմ՝ տարան, իսկ հետո քաղաքացիական հագուստներով 2 երիտասարդ տղաներ վնասվածքներ էին ստացել, ջոգեցինք, որ էսի կինո չէր, այլ իրականություն»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ավետիսյանը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է քերակատարողական հիմնարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարների առանձին փաստով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք