211652_close_icon
views-count3660 դիտում article-date 15:42 19-12-2019

Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով: Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա ներկայացրել է ֆեդերացիայի գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: «Մեր ֆեդերացիայի ամենակարևոր առաքելությունն է համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ամուր լինել, չհանձնվել և օրինակ ծառայել մյուսներին,- ասել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը: -Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեզ աջակցելու և հաշմանդամային սպորտի կողքին կանգնելու համար: Այսօր այս արդյունքներն ունենք Ձեր աջակցության շնորհիվ»: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար: «Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախ և առաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր է տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ ամո՛ւր եղեք,- ասել է նախագահ Սարգսյանը: -Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,-ասել է Արմեն Սարգսյանը: Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով: «Ամենակարևորը ոգու ամրությունն է: Ոչ մի հիվանդություն, ոչ մի հաշմանդամություն չի կարող ձեր կամքը կոտրել, եթե ինքներդ չկոտրվեք, և որևէ ֆիզիկական թերություն կամ հաշմանդամություն չի կարող պատճառ լինել, որ դուք ակտիվ չլինեք ձեր կյանքում»,-ասել է նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր