211652_close_icon
views-count2098 դիտում article-date 10:47 14-12-2019

Ինչո՞ւ են Հայաստանում հավատում Մամեդյարովին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որպես լրագրող ես հետևել եմ հայ-ադրբեջանական գրեթե բոլոր հանդիպումներին (բանակցություններին), որտեղ քննարկվում էր Ղարաբաղի խնդիրը՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերից, երբ դեռևս Խորհրդային Միության ձևական առկայության պայմաններում Ժելեզնովոդսկում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Տեր-Պետրոսյանը և Մութալիբովը՝ Ելցինի և Նազարբաևի մասնակցությամբ: Այս ամբողջ 28 տարվա ընթացքում ես նկատել եմ իրադարձությունների մի ընթացք, որը մշտապես, առանց բացառությունների կրկնվում է բոլոր նման հանդիպումներից հետո: Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակությունը, կարծես թե, թաքուն է: Հայկական կողմը մշտապես պահում է դիվանագիտական այս նորմը, իսկ ադրբեջանցի բանակցողները երբեք չեն պահում: Հանդիպումից մի քանի օր անց նրանք հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով՝ «գաղտնազերծելով» բանակցությունները և ներկայացնելով դրանք այնպես, ինչպես իրենց է հարմար: Եթե վերանանք տարբեր երանգավորումներից, ապա կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը ցանկացած հանդիպումից հետո հայտարարում է մոտավորապես հետևյալը. «Մենք բանակցել ենք այն մասին, թե ինչպես է պետք օր առաջ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»: 28 տարի շարունակ այդ, թույլ տվեք ասել, «բլեֆին» հետևում է հայաստանյան ընդդիմության արձագանքը՝ «ըհը՜, տեսնո՞ւմ եք, թե ինչի մասին էր մեր ապազգային իշխանությունը բանակցում՝ Արցախը ծախում են»: Անցնում են տարիներ, փոխվում են սերունդները, բայց մեր հասարակության մեջ մշտապես հայտնվում են մարդիկ, որոնք կուլ են տալիս այդ խայծը: Հերթական անգամ նույն սցենարը կրկնվեց Բրատիսլավայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո: Ադրբեջանի արտգործնախարարը «հարցազրույց» տվեց ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը: Հարցազրույց բառը ես չակերտների մեջ եմ առնում, որովհետև լրագրողը ոչ թե հարցեր է տալիս, այլ ժամանակ առ ժամանակ հայկական կողմին մեղադրող բացականչություններ էր արտաբերում: Մամեդյարովի գլխավոր միտքն այն էր, որ նա Մնացականյանի հետ քննարկում էր այսպես կոչված «Լավրովի պլանը»՝ «մադրիդյան սկզբունքների» էապես վատթարացված տարբերակը (մեր տեսանկյունից՝ իհարկե): Եվ այդ «հարցազրույցից» հետո հայաստանյան ներկայիս ընդդիմության արձագանքը նույնպես ավանդական էր՝ «տեսա՞ք, ամեն ինչ բացահայտվեց»: Թե ինչո՞ւ է Մամեդյարովը նման բան ասել, ես կարող եմ բացատրել այսպես. Ադրբեջանում նախընտրական վիճակ է, և այդ երկրի իշխանությունը պետք է ընդգծի իր «անզիջում դիրքը»: Բացառված չէ նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարին ոգևորել է նույն Լավրովի հետ վերջին հանդիպումը: Իսկ թե ինչու են մեր քաղաքացիները հավատում Մամեդյարովին՝ այդ հարցի պատասխանը ես չգիտեմ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր