211652_close_icon
views-count3888 դիտում article-date 23:16 13-12-2019

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը հզոր քայլ է. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ուղերձ է հղել ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագա ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Սենատի որոշումը նշանակալի քայլ է վերահաստատելու, որ ճշմարտությունը, արդարությունը և մարդկությունը մնում են մարդու հիմնարար իրավունքների հիմնասյուներն ու արժեքները: Այս առումով ես բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի որոշումը և, օգտվելով առիթից, կցանկանայի ձեզ և ամերիկացի ժողովրդին փոխանցել հայ ժողովրդի խորին երախտագիտությունն ու հարգանքը: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը, ակտիվացնենք երկկողմ հարաբերությունները և ամրապնդենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում։

Նմանատիպ նյութեր