211652_close_icon
views-count2444 դիտում article-date 13:23 12-12-2019

Կառավարությունը որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատը»

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանից (մեկ անդամ) ներկայացուցիչներին։ Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաև ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին: Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցներն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Խնամքի ծառայությունը, կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության և արդյունքում կբարձրանա շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաև տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները՝ ի հաշիվ ընտրված կազմակերպության կողմից կատարվող ներդրումների, որը ծառայությունների պատվիրակման համար պետք է լինի պարտադիր նախապայման, իսկ շարժական գույքն ամրացվելու է Հայաս¬տանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, պայմանով, որ լուծարման աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրով կհատկացվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Նմանատիպ նյութեր