211652_close_icon
views-count33790 դիտում article-date 14:40 11-12-2019

Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է. ԱԺ պատգամավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32 ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով: Բանն այն է, որ 2017 թվականից սկսած Վարդենիսի հիվանդանոցը ՊՆ-ի զինհոսպիտալին միավորվելու գործընթացի մեջ է ու արդեն շուրջ 3 տարի հարցը վերջնականապես չի լուծվում: Վերջին անգամ սեպտեմբերին եմ քննարկում կազմակերպել այս խնդրի շուրջ հիվանդանոցում, բայց մինչ օրս իրավաբանական տարաբնույթ քաշքշուկների պատճառով հիվանդանոցի ապագան չի ուրվագծվում. հաստատությունը դեռ վերջնականապես Պն-ի ենթակայության տակ չի անցնում, մարզպետարանն էլ չի կարողանում՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, մասնագետներով համալրել կառույցը: Արդյունքում Ծովակի բնակիչը, որը դիմել է Վարդենիսի ծննդատուն՝ մանկաբարձական բարդություններով, չի կարողացել բուժօգնություն ստանալ, նրան անմիջապես ուղղորդել են դիմել Մարտունի ԲԿ: Ինչպես տեղեկացա Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի արձակուրդի մեջ գտնվող ԺՊ-ից, ծննդկանի մոտ եղել է անհապաղ կեսարյան հատում անելու ցուցում: Բայց քանի որ հիվանդանոցը շուրջօրյա անեսթեզոլոգ չունի, դրա համար են անմիջապես Մարտունի ուղարկել: Նման պայմաններում առնվազն 30 րոպե ճանապարհ հատելուց եւ Մարտունի հասնելուց հետո անհնար է եղել սնուցման աղբյուրներից զրկված ներարգանդային 37 շաբաթական փոքրիկի կյանքը փրկել: Քիչ առաջ զրուցեցի նաեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանի հետ, որի հսկողության տակ է գտնվում ծննդկանը: Տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է: Այստեղ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել ՀՀ առողջապահության նախարարության առաքելությունը, որը չի սկսվում և ավարտվում հակածխախոտային պայքարով: «Առողջապահության նախարարության առաքելությունն է... բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը... »: Եւ ուրեմն հարց. ինչո՞ւ իր պաշտոնական պարտականությունները չի կատարում նախարարությունը և ինչո՞ւ ցայսօր Վարդենիսի հիվանդանոցում չկան մասնագետներ (ընդ որում՝ ոչ միայն մանկաբարձության բնագավառի), ինչո՞ւ հիվանդանոցը չունի շուրջօրյա անեսթեզոլոգ: Քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանը իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցով... Հ. Գ. Ցավում եմ Ծովակի բնակիչների համար, որոնք երեխայի ծնունդին ուրախությամբ պատրաստվել էին, բայց դժբախտություն տեղի ունեցավ: Ինետա ջան, աղոթում եմ քեզ համար: Չհուսահատվես, կյանքն առջեւում է: Հ.Գ. նկարը՝ Վարդենիսի հիվանդանոցի վիրահատարանից.. Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/10/1142646/?fbclid=IwAR1NxLBoJ1bSdneeF7SOyp6CgcjyS3FzkLu8fBKv18syq-y7mvTeE_fPJs0]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները, ովքեր պատրաստվում էին հերթական ուրախությունը դիմավորել, հայտնվել էին անելանելի վիճակում։ Գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ՝ հղիության վերջին շրջանում գտնվող 32-ամյա Ինետա Գալստյանին Վարդենիսի ծննդատուն էին տեղափոխել, որտեղ հանդիպել էին անմարդկային վերաբերմունքի, բժիշկների ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի, ինչն էլ հանգեցրել է դժբախտության. նրանց տղա երեխան, որը ընտանիքի 4-րդ զավակն էր լինելու 3 աղջիկներից հետո, մահացել է։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ի. Գալստյանի հարազատներն ասում էին. «Բոլորս ուրախությամբ սպասում էինք 4-րդ զավակի լույս աշխարհ գալուն, որը տղա էր լինելու, սակայն այդպես չեղավ։ Մենք գոհ ենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմից՝ հանձինս բժիշկներ Գոռ Շաբոյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեդրակ Սահակյանի, Լյովա Գասպարյանի, ինչպես նաև մյուս բուժաշխատողների ու նույնիսկ սանիտարների, ովքեր արդեն 1 օր է, պայքարում են մոր կյանքի համար։ Մենք խոնարհվում ենք բժիշկների առջև, քանի որ հենց նրանց շնորհիվ մոր կյանքը փրկվեց։ Ողջ գիշեր ծննդատանը՝ բժիշկներից ու սանիտարներից բռնած, հիվանդի կողքից տեղ չէին գնում։ Բառերով չէ, որ պետք է ներկայացնենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմի վերաբերմունքն ու հոգատարությունը՝ հանձինս Գոռ Շաբոյանի, սակայն նույնը չենք կարող ասել Վարդենիսի ծննդատան մասին»։ Ի. Գալստյանի ամուսինն էլ՝ Հրայր Խուրշուդյանը, ասում էր. «7-8 տարի է, սպասել ենք արու զավակի, ու մեծ ոգևորությամբ էինք սպասում, բայց ի՞նչ իմանայինք, որ Վարդենիսի բժիշկների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կկորցնենք մեր տղա երեխային։ Բայց գոնե Մարտունու ծննդատան բժիշկների շնորհիվ կնոջս կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Էրեբունու բուժանձնակազմից էլ եկել են ու իրենց հսկողությամբ ռեանիմոբիլով տեղափոխելու են Երևան։ Մեր չծնված տղային էլ հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, ովքեր միանաշանակ Վարդենիսի բժիշկներն են, պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում մեր նման ընտանիքներ էն վիշտը չապրեն, որ հիմա մենք ենք ապրում։ Ո՞վ է տեսել՝ մի քանի օրում Վարդենիսի հիվանդանցի բժիշկների անփութության հետևանքով 3 ընտանիքներ իրենց հղի կանանց տեղափոխեն Մարտունու ծննդատուն, որտեղի բժիշկների շնորհիվ էլ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մենք պահանջում ենք, որպեսզի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու պատասխանատու մարմինները հետևություններ անեն ու, վերջապես, Վարդենիսի հիվանդանոցում կարգուկանոն հաստատվի»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր