211652_close_icon
views-count1364 դիտում article-date 23:36 03-12-2019

Արտակ Բեգլարյան. «հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով»

Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների կողմից: Հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն կատարել ոլորտի խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով: Պաշտպանն ընդգծել է իր հետևողականությունը հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրներն ուշադրության ներքո պահելու և դրանց համակարգային լուծմանը նպաստելու հարցում: Ա.Բեգլարյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ներառական կրթության, կարողությունների զարգացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և մի շարք այլ հարցերի: Նա շեշտադրել է, որ առկա խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է համակարգում հիմնային բարեփոխումների իրականացում: Հանդիպման վերջում Պաշտպանի և մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր