211652_close_icon
views-count2291 դիտում article-date 22:23 02-12-2019

ExpoDubai-2020-ին ՀՀ մասնակցությունը կխթանի ԱՄԷ-ի հետ համագործակցությունը. փոխվարչապետ Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ձե՛րդ գերազանցություն պարոն դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Զաաբի, Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Հարգարժա՛ն ներկաներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն շնորհավորում եմ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ: 48 տարիների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններն առաջ է շարժվել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտների զարգացման հստակ ուղիով՝ միաժամանակ դառնալով խաղաղության և հանդուրժողականության գաղափարների առաջամարտիկը տարածաշրջանում: Շեյխ Զայեդի օրոք սկիզբ առած հայ-էմիրաթական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը: Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը: Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար: Երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ այս տարվա մայիսին գումարված Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը: Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Հարգելի՛ ներկաներ, Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին և անձամբ դեսպանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանում մի շարք բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրեր են իրականացվում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին՝ Միավորման օրվա առթիվ, և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր