հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ, անտեսելով ոստիկանության ու ԱԻՆ-ի հորդորները, հայտնվել են մերկասառույցի վրա, մեծ մասի անվադողերը «քաչալ» են. ՖՈՏՈՌեՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ, անտեսելով ոստիկանության ու ԱԻՆ-ի հորդորները, հայտնվել են մերկասառույցի վրա, մեծ մասի անվադողերը «քաչալ» են. ՖՈՏՈՌեՊՈՐՏԱԺ Արդեն 2 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի օպերատիվորեն ժամանած «Հայավտոճան» ընկերության տեղի ճանշինականները և նշված ճանապարհը սպասարկող չինական «Sinohid» ընկերության ներկայացուցիչները կատարեն ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց 80 տոկոսի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել, մինչդեռ թե հանրության սիրելի Գագիկ Սուրենյանը, թե արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը քանի օր է, հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի, սակայն, ինչպես լինում է շատ հաճախ, մեր որոշ վարորդներ մտածում են, թե իրենք «ԱՍ» վարորդներ են և կարող են նման եղանակին ազատ տեղաշարժվել, մինչդեռ հայտնվում են մերկասառույց ճանապարհների վրա, ու նրանց օգնության են հասնում թե ճանապարհային ոստիկանները, թե արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ու մի քանի ժամ մարդիկ տանջվում են, մինչև ավտոմեքենաները դուրս են բերում անանցանելի վայրից։


Այս պահին Վ. Մալաքյանի հանձնարարականով նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների մեծ մասը տրանզիտ համարանիշներով են, որոնց մի մասը Գյումրիից վերադառնում է Երևան, մի մասն էլ՝ Երևանից Գյումրի։

ՃՈ-ն ու ԱԻՆ-ը կրկին հորդորում են վարորդներին, որպեսզի ամառային անվադողերը փոխեն ձմեռայինով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարությունում արդեն ստեղծվել է օպերատիվ խումբ՝ «Հայավտոճան» ընկերության տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր անհրաժեշտության դեպքում շտապ մեկնելու են նշված վայրեր, որպեսզի օգնության հասնեն վարորդներին։ Իսկ հանրապետության ողջ մարզերում ճանշինականների աշխատանքներին օնլայն եղանակով հետևելու են Ս. Պապիկյանն ու Գ. Ավետիսյանը։

Այս պահին ուժեղացված ծառայությունը նշված հատվածում շարունակվում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Թելման Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեսուչներն էլ շատ դեպքերում քարշակի դեր են տանում. ավտոմեքենաները 100-300 մետր հրելով՝ բքի պայմաններում դուրս են բերում անվտանգ վայր։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք