211652_close_icon
views-count1700 դիտում article-date 19:01 02-12-2019

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 2-ին Արարատ Օհանջանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը: Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ գալիք տարում ոլորտին կտրամադրվի 27մլրդ 65մլն դրամ, կամ 2019թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 3մլրդ 424մլն դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2020թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ նպատակային վերաբնակեցման և սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ծրագրերին: Պատգամավորները նախարարին են առաջադրել վերաբնակեցման ծրագրին, պատվավոր կոչումներ ունեցողների վճարների տրամադրման ժամկետներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ բնագավառի 2020թ-ի ծախսերը կկազմեն 7մլրդ 280մլն դրամ, ինչը 2019թ-ի համեմատ ավել է 504մլն դրամով: Ֆինանսավորման ավելացումները նախարարը պայմանավորել է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ և Քաշաթաղի ու Քարվաճառի բուժմիավորումների համար անհրաժեշտ սարքավորումների գնմամբ: Պատգամավորները Արայիկ Բաղրյանին առաջադրել են Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմանների, գրանցման էլեկտրոնային համակարգի, բժիշկների թափուր հաստիքների և աշխատանքի տեղավորման դինամիկայի վերաբերյալ հարցեր: Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, խոսելով գալիք տարի ծառայության աշխատանքի մասին, նշել է, որ այն կլինի լարված, քանի որ ի թիվս իրականացվող ծրագրերի՝ կավելանան ևս երեքը, որից երկուսը առաջին անգամ՝ աշխատուժի հետազոտություն և գյուղատնտեսական համատարած հաշվառում: ԱՎԾ-ի նախագահի խոսքով՝ գալիք տարի պետական բյուջեից ԱՎԾ-ին նախատեսվում է տրամադրել 228մլն 478հազ, որը ընթացիկ տարվա համեմատ աճել է 16մլն 192հազ դրամով: Մանուշ Մինասյանը բյուջեով ֆինասավորվող ուղղությունները ներկայացնելուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

Նմանատիպ նյութեր