հիմնական կայք
Լրահոս

Մինչ Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու սպանության դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, թե այն չի բացահայտվի, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին հակառակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու սպանության դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, թե այն չի բացահայտվի, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն ապացուցեցին հակառակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Նորայր Գ-ի և 19-ամյա Նարեկ Հ-ի նկատմամբ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, ովքեր կասկածվում են նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Լևոն Չուլջյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի որոշմամբ ստեղծվել էին օպերատիվ խմբեր, Առանձին քննչական խումբ էլ ստեղծվել էր Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ՝ մեկը՝ իր գլխավորությամբ, մեկն էլ՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ոչ միայն իրականացրել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, այլև եղել էին մի քանի հասցեներում, ու մինչ սպանության օրը դեպքի վայրում հավաքված որոշ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, թե սպանությունը կատարողները եղել են դիմակավորված ու ոստիկաններն ու քննիչները դժվար էլ կարողանան բացահայտեն, մարզի ոստիկաններն ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան ու կարճ ժամանակում ցույց տվեցին, որ իրենք տիրապետում են օպերատիվ իրավիճակին և հայտնաբերեցին ոչ միայն սպանությունը կատարողներին, այլ նաև բացահայտեցին դեպքի մանրամասները և այդ ամենն ապացուցվեց քննչական փորձարարության ժամանակ։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում նախագահող դատավոր Ստեփանյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով,՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք վերցվեցին երկամսյա կալանքի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատական համակարգում դատավոր Ստեփանյանը, եթե կալանքի միջնորդություն է քննարկում, ապա, երբ մի փոքր ապացույցները թույլ են լինում, նա մերժում է, իսկ այս դեպքում Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների հիմնավորված ու փաստերն այնքան զորեղ են եղել, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հարությունյանի որոշմամբ ձերբակալվել էին Հրազդան քաղաքի 18-ամյա և 19-ամյա բնակիչներ:

Վերջիններս կասկածվում են նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 13 շենքի շքամուտքի աստիճանահարթակում նույն շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանի կրծքավանդակի շրջանում դանակի մի քանի հարվածներ ու վնասվածքներ պատճառելու մեջ: Վերջինս «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար Ա. Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց հայտնաբերելու օպերացիան իրականացրել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից:

Նշված անձինք որպես կասկածյալ բերման էին ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով, նշված անձանց ինքնությունը չէինք հրապարակել:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք