211652_close_icon
views-count1964 դիտում article-date 19:02 01-12-2019

Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին

Ուկրաինա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «ImagineArmenia» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին: Ողջունելով Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից եկած պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, տարբեր երկրներից Հայաստան վերադարձած և արդեն իսկ իրենց հաջողության պատմություններով կիսվելու պատրաստ հայերին և ուկրաինացի գործընկերներին՝ հանձնակատարը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը: «Թույլ տվեք նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում մեզ և սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների համար խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության և այլ օրակարգային հարցերի մասին»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավականին մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր: Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը: Բացման խոսքից զատ՝ Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել նաև առանձին ելույթով, որի ընթացքում հանգամանալից խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենիք նախագծի մշակման ընթացքի մասին: «Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը պետք է տեղի ունենա հոգեբանական հայրենադարձություն: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»,-ընդգծել է Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուն: Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթություն, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը: Գրասենյակը շարունակելու է համայնքների հետ տարվող աշխատանքը, երկխոսությունը, փոխճանաչությունը, մեծ տեմպերով սկսելու է սփյուռքի քարտեզագրումը, պահպանելու է մեկ պատուհանի սկզբունքը:

Նմանատիպ նյութեր