հիմնական կայք
Լրահոս

Իշխանություն-բիզնես հարաբերությունների խութերը․ «Առավոտ»

Իշխանություն-բիզնես հարաբերությունների խութերը․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Աշխարհի ցանկացած երկրում, որտեղ կան շուկայական հարաբերություններ (իսկ դրանք «ընդհատակյա» կարգավիճակով գոյություն ունեին անգամ Խորհրդային միությունում՝ 1960-70-ական թվականներին), գործարարները, որպես կանոն, ձգտում են այս կամ այն կերպ մերձենալ իշխանության հետ: Եթե նույնիսկ զուտ տեսականորեն ընդունենք, որ բիզնեսմենն անթերի է աշխատում և օրենքի ոչ մի խախտում թույլ չի տալիս, միևնույն է՝ մարդը, որը կորցնելու բան ունի, սովորաբար փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ռիսկերից, և այդ պատճառով ոչ միայն առճակատման չի գնում իշխանության հետ, այլև աշխատում է դրան ինչ-որ ձևով հաճոյանալ:


Առճակատումները լինում են այն դեպքում, երբ իշխանափոխության հոտ է գալիս. այդպես, օրինակ, Պյոտր Պորոշենկոն հակադրվել էր Յանուկովիչի իշխանությանը, որովհետև շանս ուներ հենց իշխանափոխության ձևով է՛լ ավելի առաջ մղել սեփական բիզնեսը: Իհարկե, լինում են նաև բացառություններ. օրինակ, Բիլ Գեյթսը, կարծում եմ, խորապես անտարբեր է Օբամայի կամ Թրամփի նկատմամբ: Բայց այնպես չէ, որ նույն Միացյալ նահանգներում խոշոր բիզնեսմենները սեփական շահը չեն հետապնդում, երբ ֆինանսավորում են այս կամ այն քաղաքական գործչի կամպանիան՝ տարբեր մակարդակի ընտրություններում: Խնդիրն այն է, որ դա, ամերիկյան օրենքներով, պետք է արվի թափանցիկ, իսկ երբ թափանցիկ չի արվում, և դա բացահայտվում է, լուրջ սկանդալ է բռնկվում:

Իրավական պետություն չհանդիսացող երկրներում (որպիսին առայժմ Հայաստանն է) իշխանություն-բիզնես հարաբերությունները շատ ավելի վատ են կարգավորված՝ թե՛ գրված և թե՛ չգրված օրենքների տեսանկյունից: Հենց այդ է պատճառը, որ նոր, հեղափոխական, չկոռումպացված իշխանությունը պետք է լինի չափազանց զգույշ և բծախնդիր: Պարզ է, որ այն օլիգարխները, որոնք «մուծվում էին», ասենք, «Լույս» հիմնադրամին, հիմա վճարում են «Իմ քայլը» հիմնադրամին: Բայց դա նորմալ է, որովհետև այդ մուծումները թափանցիկ են: Սակայն լուրեր են պտտվում, որ պետական որոշ խնդիրներ լուծելու համար «թվեր են դրվում» մի շարք մեծահարուստների վրա, այդ թվում՝ այն մարդկանց վրա, որոնց նկատմամբ կան քրեական գործեր: Այ, դա արդեն կասկածելի է, որովհետև վաղ թե ուշ դուրս է գալու ջրի երես, և լինելու է հերթական «բոլոլան»:

Այդ ֆոնի վրա Երևանի քաղաքապետարանին «Կամազներ» նվիրելու խնդիրը թերևս ամենահնչեղը չէ: Մտքիս ծայրով անգամ չի անցնում, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը որևէ կապ ունի կոռուպցիայի հետ: Բայց կարող է, չէ՞ պատահել, որ լավ, պարկեշտ մարդը, սիրված դերասանը, հրաշալի հեղափոխականը լինի վատ պաշտոնյա, և իր անփորձության պատճառով խրվի տհաճ պատմությունների մեջ: Ի դեպ, նույն կարծիքի եմ Դավիթ Սանասարյանի մասին, որը նույնպես, վստահ եմ, կոռուպցիոներ չի: Բայց փողոցում խանդավառ պայքարը մեխանիկորեն չի հանգեցնում պետական արդյունավետ ծառայության»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք