211652_close_icon
views-count1540 դիտում article-date 09:49 27-11-2019

Ինչպես է վերակառուցվում Դաեշի նախկին մայրաքաղաք Ռաքքայի հայկական եկեղեցին․ «Ամերիկայի ձայն»

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ Դաեշի ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5182354.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցմանը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի նախկին ծառայող է, ով ծառայությունն ավարտելուց հետո որոշել է օգնել Մերձավոր Արևելքի ազգային փոքրամասնություններին, տարածելով իր իսկ խոսքով «Հիսուս Քրիստոսի սերն ու լույսը»: Ռաքքա վերադարձող տեղի բնակիչներից շատերը դեռևս չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև վախենալով քաղաքում թաքնված ահաբեկիչներից, իսկ Դևիդ Յուբանքը պատմում է. «Երբ եկանք ազատագրված Ռաքքա, մենք տեղակայվեցինք հենց այնտեղ, և ես զբոսնելով այս ավերված եկեղեցու կողքով սկսեցի աղոթել, ասելով՝ «Տեր, խնդրում եմ, վերադարձրու քրիստոնյաներին և օգնիր մեզ վերականգնել այս եկեղեցին»: Այնուհետև մի պահ մտածեցի՝ դա խելամիտ աղոթք չէ՝ ո՞վ կցանկանա երբևէ վերադառնալ այստեղ: Դիմեցի Աստծոն հարցով՝ ինչի՞ համար կարող եմ աղոթել այս եկեղեցու ավերակներում, և ես զգացի Աստծո արձագանքը՝ աղոթի՛ր կրկին: Կրկնեցի աղոթքս. «Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր, որպեսզիայս եկեղեցին վերականգնվի, Ամեն»: և ահա բոլորս միասին աղոթեցինք, նույնիսկ փոքր մետաղե խաչ տեղադրեցինք, քանի որ եկեղեցու խաչը չկար: Աղոթելուց հետո ես դուրս եկա այստեղից և ինձ մի մարդ մոտեցավ, ու հարցրեց թե ի՞նչ եք անում այստեղ: Պատասխանեցի՝ աղոթում եմ այս եկեղեցու վերականգնման համար: Նա ինձ ասաց՝ սա իմ եկեղեցին է, ես հայ եմ, Դաեշի կրակոցներից չորս անգամ վիրավորվել եմ: Նախկինում մենք հազարներով էինք այստեղ, այնուհետև բոլորս փախանք, այժմ հինգ հոգով վերադարձել ենք, ու հարցրեց թե կարող ենք իրենց օգնել։ Պատասխանեցի՝ կփորձեմ, ես գումար չունեմ, ավելի ճիշտ, ունեմ 300 դոլար, ու քանի որ այսօր կիրակի է, ահա վերցրեք իմ ձեռքի եղած գումարը: Մենք միասին աղոթեցինք՝ խնդրելով Տիրոջն օգնել մեզ վերականգնել եկեղեցին»: Այնուհետև ԱՄՆ-ից մի քանի ընտանիք Յուբանքի կազմակերպության միջոցով դրամական օգնություն առաջարկեցին, որն էլ թույլ է տվեց սկսել Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները: «Մենք այժմ հանգանակել ենք անհրաժեշտ գումարի կեսը, որը բավարար է այս տարածքը մաքրելու համար: Ի դեպ, ահա այնտեղ Դաեշի գաղտնի թունելներից մեկն է: Եկեղեցին քանդելուց հետո Դաեշի զինյալները այն փորել էն եկեղեցու տակ: Մենք պետք է վերականգնենք եկեղեցու հիմքերը և հուսամ որ 2020-ին ի վիճակի կլինենք լիարժեք վերակառուցել այս եկեղեցին, և դա կլինի օրհնություն հայ համայնքի համար, քրիստոնյաների համար, սակայն նաև արաբների, մահմեդականների՝ բոլորի համար, որովհետև այս հողը բավարար տեղ ունի յուրաքանչյուր հավատքի համար»:

Նմանատիպ նյութեր