211652_close_icon
views-count2016 դիտում article-date 10:50 22-11-2019

Հանրապետականները պետք է ընդունեն սխալը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում, բնականաբար, արժանացավ ներկա իշխանության չափից դուրս մոլեռանդ երկրպագուների հայհոյական արձագանքին, և այն վերլուծելու փորձ չարվեց: Նախ՝ անդրադառնամ ելույթի այն կետերին, որոնց հետ համաձայն եմ: Պարզ է, որ Արցախի խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պետք է ասեր այն, ինչ ասել և ասում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները՝ այստեղ տարաձայնություններ, կարծես թե, չկան: Ներքաղաքական թեմային անդրադառնալով, նախկին նախագահը նշեց, որ պաշտոնից հեռացել է՝ մարդկային զոհեր թույլ չտալու և պետությունը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու նպատակով: Եվ իրոք, իր բնավորությամբ Սերժ Սարգսյանը հակված չէ բռնությունների և դաժանության՝ ի տարբերություն Երկրորդ նախագահի: Այնուամենայնիվ, ես և գուցե հասարակության այն մասը, որը ոչ այս, ոչ էլ այն կողմի մոլեռանդությամբ չի տառապում, ուզում ենք իմանալ, թե ինչ են Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մտածում մեկ այլ հարցի մասին. ոչ թե ինչու են նրանք հեռացել (դա, ի վերջո, տեխնիկական խնդիր է), այլ՝ ինչու էր հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ցանկանում, որ նրանք հեռանան: Եթե հանրապետականները ասեն, որ դա այդպես չէ, որ նրանց հեռանալու միահամուռ պահանջ չկար, ուրեմն նրանք կտրված են իրականությունից: Բայց ես հույս ունեմ, որ այդ կուսակցության շարքերում կան սթափ մտածող մարդիկ, որոնք իրենց հարց են տալիս՝ ինչու 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ժողովրդական տոնախմբություններ էին, ինչու էին մարդիկ իրար գրկում, համբուրում և շնորհավորում: Այդ հարցին էլ ՀՀԿ-ականներն ունեն «ինքնասփոփիչ» պատասխան՝ քարոզչությունը, ֆեյսբուքը, քաղաքական տեխնոլոգիաները, Սորոսի հիմնադրամը և այլն: Դա դարձյալ իրականությունից կտրվելու նշան է: Որովհետև այդ ամենը հեղափոխության գործիքներ են, բայց ոչ հեղափոխության պատճառներ: Պատճառներից մեկը մակերեսի վրա է՝ մարդիկ զայրացել էին, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում, իսկ հետո իր խոսքից հետ էր կանգնել և առաջադրվել էր: Դա էլ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի ընդունում և այսօր էլ է փորձում ինչ-որ «արդարացումներ» փնտրել: Բայց կան, իհարկե, ավելի խորքային պատճառներ: Կառավարման այն ձևը, որն ընտրել էին նախկին իշխանությունները, սխալ էր, անբնական և չէր կարող նրանց համար բարի վախճան ունենալ. այն հիմնված էր կոռուպցիայի, ապօրինությունների և ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքը նենգափոխելու վրա: Ահա սա՛ է, որ հանրապետականները պետք է ընդունեն: Իսկ եթե չընդունեն, ապա, ինչպես և ՀՀՇ-ն, դուրս կգան քաղաքական ասպարեզից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր