211652_close_icon
views-count1024 դիտում article-date 21:58 20-11-2019

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի նախարարների համաժողովին

Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 19-ին կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Նարինե Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում սկիզբ դնել բարեփոխումների՝ հիմնվելով համընդհանուր արժեքների` խաղաղության, ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատությունների վրա: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կանանց, երիտասարդների ներգրավումը մշակութային քաղաքականության մշակման գործընթացում: Անդրադարձել է նաև «Իմ արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում հայտնի արվեստագետներն, արվեստաբաններն ու փորձագետները, այցելելով դպրոցներ, իրենց փորձն են փոխանցում դպրոցականներին` կրթելու ստեղծագործ երիտասարդություն: «Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև սահմանափակ կարողություններով անձանց ազատ ստեղծագործելու և մշակութային կյանքին մասնակցություն ունենալու հնարավորության ստեղծումը` ինչն ապահովում է բազմազանությունը, ներառականությունը և ազատությունը մշակույթի ոլորտում: Կարողությունների զարգացման նպատակով կանանց համար կազմակերպվում են աշխատաժողովներ, սեմինարներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների, մասնավորապես` Սիրիայից հայրենիք վերադարձած կանանց համար»,- նշել է Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ կինոարտադրության բնագավառում նաև հնարավորություն է ընձեռվում մեկտեղել մասնագետների և կինոարտադրողների հնարավորությունները, իսկ ՏՏ ոլորտում այս տարի Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունում հաղթել են երկու նախագիծ` «Սոլակ-1» և «Թումո» ստեղծարար կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները: Նարինե Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ միջմշակութային երկխոսության միջոցով նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանը: Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Ստիլիանի Մանդոննի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական բարեկամության վրա հիմնված միջմշակութային երկխոսության խորացման և ընդլայնման, մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի կարևորությունը` որպես հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ:

Նմանատիպ նյութեր