հիմնական կայք
Լրահոս

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը:


Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող Հովիկ Մուսայելյանն ու մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին նման մեծ իրադարձությունը Հայաստան բերելու և ամեն տարի նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, այն զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-նշել է Հակոբ Արշակյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշել է, որ արդեն 10 տարի այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբել և Հայաստան բերել այնպիսի մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել տեխնոլոգիական ոլորտի զարգացման և առաջընթացի վրա։ Մրցանակը անչափ կարևոր է նաև նրանով, որ այն Հայաստանի համար հանդիսանում է որպես անձնագիր՝աշխարհին ներկայանալու համար, մեր երկիր բերելով տեխնոլոգիական ոլորտի հանճարների։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեխնոլոգիական ոլորտով հետաքրքված երիտասարդներին կոչ է արել հավատալ իրենց կարողություններին, գաղափարներին, ստեղծել իրենց ճանապարհը և Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում։

Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը: Նա կոչ է արել, որ բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, չվախենան սխալվելուց և իրականացնեն իրենց գաղափարները։

Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է, թե 10 տարիների ընթացքում ովքե՞ր և ի՞նչ գործունեության համար են արժանացել այս մրցանակին։ Նա հայտարարել է, որ հոբելյանական 10-րդ մրցանակակիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով «Origami World» տեսություն հիմնադիրն է, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողը:

Նա Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին։ Մրցանակը նրան կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա Տակեո Կանադեին նվիրված ծրարի մարում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք