211652_close_icon
views-count2366 դիտում article-date 17:42 19-11-2019

Թաթուլ Հովհաննիսյան․ Խոստումնալից մարզիկներ ունենք

Նախկին «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 89 մարզիկ։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնությունը, խոսեց ձեռքբերումների և խնդիրների մասին․ «Մարզիկների քանակից որոշ չափով գոհ ենք, քանի որ միշտ եղել են 60-70 մարզիկ, իսկ այս անգամ 89 հոգի են, և ավելանալու միտում կա, ինչը գոհացուցիչ է։ Առաջնության մասնակիցներն երիտասարդներ են, որոնց թվում խոստումնալից մարզիկներ շատ կան։ Առաջնությունից հետո կձևավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի, որտեղ էլ պարզ կլինի նրանց պատրաստվածության աստիճանը»,-ասաց նա։ Թաթուլ Հովհաննիսյանը ասաց, որ ֆեդերացիան որոշակի գույքով ապահովել է մարզադպրոցներին, բայց միշտ էլ պակաս կա. «Ֆեդերացիայի` մարզադպրոցներին մարզագույքով ապահովելու քաղաքականությունը որոշակի արդյունք տվեց, բայց կան մարզադպրոցներ, որոնք չունեն տատամի, գույք, և կա մարզիչների պակաս։ Ես` որպես գլխավոր քարտուղար, շատ կուզենայի, որ մեր հավաքական թիմերը լինեն հավաքների մեջ, որպեսզի մրցակցությունը բերի մարզաձևի զարգացմանը և աճին, քանի որ շատ դեպքերում առաջնությունում 3-րդ տեղը գրաված մարզիկը, ում հավաքի ենք վերցրել, միջազգային ասպարեզում կարողացել է բարձր արդյունքի հասնել, իսկ շատ հավաքներ կազմակերպելու համար համապատասխան չափի գումար է հարկավոր»: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս մարզիչներին վերապատրաստվելու համար առցանց քննություն հանձնել․ «Այս պահին մեր միջազգային ֆեդերացիան հնարավորություն է տալիս առցնաց քննություն հանձնելու և վերապատրաստվելու թե՛ մարզիչներին, թե՛ մրցավարներին։ Լևոն Ջուլֆալակյանն, ով նշանակվել է Երևան քաղաքի սպորտի և երիտասարդության բաժնի պետ, դիմել է ֆեդերացիային, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների ձյուդոյի մարզիչների ցանկ ներկայացնենք, ինչը ողջունելի քայլ է, քանի որ շատ դեպքերում մարզիչը գրանցվում է ձյուդոյի մարզիչ, բայց սովորեցնում այլ սպորտաձև, իսկ ֆեդերացիան կարող է ճշգրիտ ասել, թե ով ով է։ Դա ճիշտ մոտեցում է։ Կան ձյուդոյի մարզիչներ, ովքեր այդ մարզչական տեղով այլ մարզաձևեր են մարզում, օրինակ` սամբո և այլն։ Ամենայն հարգանք ունենալով մնացած սպորտաձևերի նկատմամբ` մենք պետք է մեր սպորտաձևի շահերը պաշտպանենք, եթե այդ մարզիչների համար դժվար է ձյուդո մարզել, թող` իրենց տեղը զիջեն ուրիշներին»,-խոսքը ավարտեց նա։

Նմանատիպ նյութեր