211652_close_icon
views-count2585 դիտում article-date 21:24 19-11-2019

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գալիք տարի Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի: Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսանողներին ուղղված իր ելույթում հիմնական շեշտը դրել է համահայկականության գաղափարի վրա: «Մեր հավաքական կամքի, ուժի, գիտելիքի ներդաշնակեցումը իրապես կապահովի այն արդյունքը, որը տիպական կդառնա ապագայի տեսլականի համար: Եթե մեր ազգային օրակարգի առաջնահերթ մարտահրավերներից է օտար ափերում հայկական ինքնության պահպանումն ու ուծացման վտանգի դեմ պայքարը, լուծումը, կարծում եմ, մեկն է՝ հզորացնել հայկական գործոնը, որը պետք է խարսխված լինի մեր ամուր և զարգացած պետականության վրա: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանող Էդգար Դեհբաշյանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս է պետք դրանց իրագործման մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնել: Առաջարկեցի թեորիաների փոխարեն գործանականում մեր փոքրիկ քայլն անել ու գալիք տարի Արցախում ուսանողական մեծ ճամբար կազմակերպել, որին կմասնակցեն 100 սփյուռքահայ, ինչպես նաև Երևանի, մարզերի և Արցախի բուհերում սովորող ևս 300 ուսանողներ: Առաջարկս ոգևորությամբ ընդունվեց մասնակիցների կողմից, իսկ սփյուռքահայ ուսանողների հավաքագրման հարցում Էդգարը խոստացավ իր կարևոր ներդրումն ունենալ»,- նշել է Ա. Հարությունյանը: Նա կարևորել է նաև սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում բազմիցս անհատական օրինակներ ունեցել են, բայց այն կազմակերպված աշխատանքի չի վերածվել:

Նմանատիպ նյութեր