211652_close_icon
views-count2889 դիտում article-date 12:31 17-11-2019

Իրանում բողոքի ցույցեր են սկսվել բենզինի թանկացման դեմ

Իրանի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին բենզինի գնի բարձրացման մասին։ Ինչպես հաղորդում էRia Novosti-ն, Սիրջան քաղաքում ցուցարարները փորձել են այրել նավթի պահեստը, սակայն նրանց կանգնեցրել են իրավապահ մարմինները։ Ցույցի ժամանակ մահացել է 1 մարդ, նրա մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից իրանական իշխանությունները քվոտաներ են սահմանել բենզինի մանրածախ վաճառքների համար։ Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը կկարողանան ամսական ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին և 2 անգամ պակաս բենզին՝ երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին: Քվոտաներ են սահմանված բեռնատարների ու շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչև 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ: Նշենք, որ Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչև վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր:

Նմանատիպ նյութեր