211652_close_icon
views-count771 դիտում article-date 20:43 14-11-2019

Վաչե Տերտերյանը կարևորել է ԵՆԲ հետ իրականացվող համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ԵՆԲ գործարքների, կառավարման և վերակառուցման տնօրինության բաժնի ղեկավար Կատրին Բարբերիսի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է բանկի ներկայացուցիչների այցը նախարարություն, որն այժմ մի շարք նոր ենթակառուցվածքներ է համակարգում, և այս հանդիպումը լավ հնարավորություն է համարել գաղափարների փոխանակման և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար: ԵՆԲ ներկայացուցիչ Կատրին Բարբերիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել իր թիմին Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ, ինչը բանկի կողմից ազդակ է համարել՝ արդեն ստորագրված հանձառություններն իրականացնելու և երկրի հետ ծրագրերի փաթեթն ընդլայնելու ուղղությամբ: Հանդիպմանը ՏԿԵ նախարարի տեղակալը բարձր է գնահատել բանկի հետ երկարամյա և իր ձևաչափով բազմակողմ համագործակցությունը և կարևորել է ջրամատակարարման, ջրահեռացման ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերի նշանակությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի ջրամատակարարման բարելավման, Համայնքային ենթակառուցվածքի զարգացման, Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերին: Վաչե Տերտերյանն առանձնահատուկ կարևորել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագիրը, ինչը հնարավորություն կտա բարելավել վեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, կառուցել կոյուղու մաքրման կայաններ: Հանդիպմանը կողմերը մանրամասն քննարկել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել մի շարք ընթացակարգային հարցերի:

Նմանատիպ նյութեր