հիմնական կայք
Լրահոս

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտ Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. Սուրբ Հռիփսիմե եկեղեցու  հետնամասում  գտնվող գերեզմանների մոտ Mercedes-ը  հայտնվել է կրակահերթի տակ. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:


Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Բարույանի ու քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վլադ Բազունցի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողը հայտնում է. որ ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից և «Մակարով» ատրճանակից արձակված մեծ թվով պարկուճներ:

****

11:30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման է դատապարտվել՝ թուրքի սպանելու համար:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք