211652_close_icon
views-count2761 դիտում article-date 19:40 13-11-2019

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների միջազգային ընկալումը դրական է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում Հայաստանի պատկերացումները միջազգային գործընկերների կողմից դրական ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ ՀՀ դիրքորոշումը կառուցողական է: «[url=https://armenpress.am/arm/news/995078.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները մեկուկես տարվա մեջ արձանագրել են, որ ոչ միայն մեր մտադրությունների մեջ չի բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլև ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ: Այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել նախադրյալների առումով, և կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են: Ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության լուծման հարցում որևէ համաձայնություն չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի, Փաշինյանը նշեց, որ դա բխում է բանակցությունների տրամաբանությունից, և լավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից այդ հանգամանքն արձանագրվել է:

Նմանատիպ նյութեր