211652_close_icon
views-count3520 դիտում article-date 22:47 13-11-2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցածի առթիվ

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, որը հակասում է սահմանված իրավական կարգին: Այս գործողությունները չեն համընկնում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության: Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին սահմանված կարգով կտեղեկացնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարված վանդալիզմի մասին: Միևնույն ժամանակ, Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին: Միջադեպը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:

Նմանատիպ նյութեր