հիմնական կայք
Լրահոս

Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը

Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը:


Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի Սուրբ Հովսեփ առաջնորդանիստ եկեղեցում: Կրոնական արարողությունը գլխավորել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը, արարողությանը ներկա են գտնվել Ղամիշլիի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ Տեր Լևոն աբեղա Եղիայանը և քույր համայնքների կրոնական առաջնորդներ:

Հարյուրավոր սգավորների ներկայությամբ տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետը զոհված քահանային համարել է համայն քրիստոնեության և սիրիական հայրենիքի նահատակ: Ահաբեկչության զոհ դարձած Տեր Հովսեփ քահանայի մարմինն, ավանդույթի համաձայն, թաղվել է եկեղեցու խորանի ներքևում գտնվող հատուկ դարակի մեջ, իսկ նրա հոր մարմինը հողին է հանձնվել Ղամիշլիի գերեզմանատանը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ղամիշլիում սպանված Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը: «Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկե համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար»,-նշված է պաշտոնական կայքում:

2019թ. նոյեմբերի 11-ի առավոտյան ահաբեկիչների ձեռքով սպանվել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք