211652_close_icon
views-count49814 դիտում article-date 18:23 12-11-2019

Խոշոր ուսումնավարժություն՝ Մարզահամերգային համալիրում. ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում էին. «Ազգային հերոս Կարեն Սերոբիչը տեսներ, կսեղմեր փրկարարների ու բժիշկների ձեռքն ու կասեր՝ հալալ է ձեզ, տղերք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով: Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ընդհանուր մակերեսը հողային տարածքների հետ միասին կազմում է 9,5 հեկտար, որից համալիրի մակերեսը 4 հեկտար է: Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ: Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը: Դեպքի մասին սահմանված կարգով զեկուցվում է ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմին, ինչպես նաև տեղեկացվում են համապատասխան ծառայությունները: Համալիրի պահակային և ներքին հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է մոտ 70 աշխատակիցների և քաղաքացիների տարհանում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, իրականացնելով տեղանքի հետախուզություն, պարզում են, որ այրվում է Համալիրի սպորտային դահլիճի բեմական հատվածը՝ 200 քմ տարածքով: Հետախուզությունը պարզում է նաև կրակի տարածման ուղղությունները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհները, հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը, մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհներն ու եղանակները: Միաժամանակ իրականացվում են և՛ փրկարարական, և՛ հրդեհաշիջման աշխատանքներ: Փրկարարարական խումբը, օգտագործելով փրկարարական գույք և սարքավորումներ, իրականացնում է արգելափակված երկու տուժածների տարհանում՝ «գծանց» և «տուժածի իջեցում փրկարարի օգնությամբ» հնարքների կիրառմամբ: ԱԻՆ առաջին բուժօգնության խումբը ծավալում է բժշկական կետ՝ տեսակավորելով և բուժօգնություն ցուցաբերելով տուժածներին, իսկ ծանր վնասվածքով տուժածը տեղափոխվում է սանավիացիայի ուղղաթիռով: Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում հրդեհը նախ մեկուսացվեց, իսկ քիչ անց ամբողջությամբ մարվեց: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Առողջապահության նախարարության շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ: Ուսումնավարժանքի ավարտից հետո նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ուսումնավարժությանը ականատես էին մեծ թվով քաղաքացիներ, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հիշում ենք, երբ սովետական տարիներին հրդեհ բռնկվեց մարզահամերգային համալիրում. ողջ հայությունը՝ ահել-ջահել, մեծ ու փոքր, պաշտոնյայից ու բանվորից սկսած, պայքարում էին կրակի ճիրանների դեմ, և հենց էդ միասնականության շնորհիվ կանխվեց կրակի հետագա տարածումը, իսկ հետո վերականգնվեց մեր սիրելի մարզահամերգային համալիրը և այդ աշխատանքներին ակտիվ մասնակցում էր կենտկոմը՝ ողջ կազմով, կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Ժողովրդի կողմից «Շինարար Կարեն» անունը ստացած առաջին քարտուղարը երեխայի նման հուզվել էր, բայց հետո նրա հուզմունքը վերածվեց ուրախության, երբ ականատես եղավ, թե ինչպես էր հայությունը մեծն պոետի՝ Չարենցի ասած «Ո՛վ, հայ ժողովուրդ, քո հավաքական ուժը քո միասնության մեջ է», մի բռունցք դարձած՝ վերակառուցեց Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող մարզահամերգային համալիրը։ Այսօրվա ուսումնավարժանքին ականատես եղանք, թե ինչպես էին հրշեջ փրկարարները կարճ ժամանակում պրոֆեսիոնալ ու վարպետորեն էվակուցնում ժողովրդին։ Նրանց ճիշտ գործողությունների արդյունքում, որը ղեկավարում էին աիրտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու փրարար ծառակության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, կրակի տարածումը կանխվեց, մարդիկ անվտանգ տարհանվեցին, մեկ-երկու հոգի թեթև վասվածքներ ստացան, դրանց էլ տեղում օգնություն ցուցաբերեցին բժիշկները։ Հավատացած ենք, եթե մեր սիրելի ազգային հերոս Կարեն Սերոբիչը կենդանի լիներ ու տեսներ այս ամենը, կասեր՝ հալալ է արտակարգ իրավիճակների նախարարությանը, փրկարար ծառայությանը, բժիշկներին, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով ապացուցեցին, որ գտնվում են իրենց մասնագիտական բարձունքի վրա, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքն էլ կսեղմեր ու կասեր՝ քեզ էլ է հալալ, որ սրտացավ մոտեցում ցոցաբերեցիր և ընդառաջեցիր նախարար Ցոլակյանին ու որոշ չափով բարձրացրեցիր հայ փրկարարի աշխատավարձը»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 479+
479+

Նմանատիպ նյութեր