211652_close_icon
views-count1986 դիտում article-date 21:20 11-11-2019

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորոսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները: Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ: «Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին: Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերահակավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար: Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ: «Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը: Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար: Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:

Նմանատիպ նյութեր