211652_close_icon
views-count1298 դիտում article-date 21:53 11-11-2019

Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երևանի համար

Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում: «Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատման, թե՞ երիտասարդացման, և որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը: «Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաև, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը: «Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա և արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը: Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երևանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր: «Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»: «Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել և հեռացնել որոշակի մասը սաղարթի և թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու և սնուցվելու, որովհետև տերևներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք և հասկանանք՝ ինչ է պետք անել, և գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետևանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, և մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը: Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է: «Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձևավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը: Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ: «Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետև, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր...»,- ասում է Արծվին Գրիգորյանը: Երևանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաև բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար: Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:

Նմանատիպ նյութեր