211652_close_icon
views-count1880 դիտում article-date 17:30 11-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը: Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում: Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը: ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր