211652_close_icon
views-count3565 դիտում article-date 14:36 11-11-2019

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ 5 միլիոն դրամի չափով գրավ կիրառվեց

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց: Այս մասին [url=https://armtimes.com/hy/article/173555?fbclid=IwAR3Uy4psF1ua0RgRvWiOEKWkCusDHSgYka5jwNe9TpLOWi1tnnJX-QMv_0o]«Հայկական ժամանակ»[/url]-ը տեղեկացավ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանից: Պաշտպանի փոխանցմամբ՝ իրենք գրավի չափ էին առաջարկել 3 միլիոն դրամը, սակայն դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշում է կայացրել գրավի չափ սահմանել 5 միլիոն դրամը: Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսլան Բաղդասարյանը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Հրանտ Անանյանն ասաց. «Մեղադրանքն անհիմն է, եւ իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված եւ ոչ մի դրվագով. մի դրվագը վերաբերում է նրան, որ ինչ-որ աշխատակիցներ են գրանցվել, որոնք իրենց գործառույթները չեն կատարել, մյուսը՝ «Դավիթաշեն» հիմնադրամում տեղի ունեցած յուրացումներին»: Անանյանը մանրամասնեց՝ Բաղդասարյանը ժամանակին եղել է նշված հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահը. «Եթե նրա ֆեյսբուքյան էջը նայեք, կտեսնեք, որ նա հաճախ է քննադատում ներկայիս քաղաքապետին, եւ տպավորություն է, թե մի սուր քննադատություն, եւ քաղաքային իշխանությունն անմիջապես ինչ-որ գործ է նախաձեռնում: Կարծես զբաղված լինեն ենթադրյալ հանցագործություններ բացահայտելով եւ իմ պաշպանյալին պախարակելով»,- մեր զրույցում ասաց Հրանտ Անանյանը: Հիշեցնենք, որ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Օրեր առաջ Ոստիկանությունը տեղեկացրել էր՝ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Նմանատիպ նյութեր