211652_close_icon
views-count2490 դիտում article-date 12:23 11-11-2019

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում: «Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն հաջողությունները, որոնք Հայաստանը կարողացել է գրանցել ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում: «Ես ուրախ եմ ընդգծել, որ մեզ հաջողվեց ունենալ բավական հաջող և արդյունավետ նախագահում Եվրասիական տնտեսական միությունում: Վերջերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, և, կարծում եմ, որ դա աննախադեպ իրադարձություն էր իր մասշտաբներով, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի և Սերբիայի հետ, ուժի մեջ մտան ազատ առևտրի համաձայնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, և շատ ուրախ եմ, որ այս ֆոնին հաջողությամբ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչապետը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է 2019 թ.: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 10-ին, նրա այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը:

Նմանատիպ նյութեր