211652_close_icon
views-count1141 դիտում article-date 11:24 11-11-2019

Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված դարձել է ի վնաս անհատի իշխանությունների շահերի պաշտպանը. ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

[b]Հին իրավապաշտպանության վախճանը[/b] Ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, առավել մեծ սրությամբ կարևորում է իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը: Ակնկալվում է, որ դրանք պետք է զարգացնեն քաղաքացիական իրավագիտակցությունը, բարձրացնեն իրազեկությունը քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների հանդեպ, պաշտպանեն նրանց իրավունքներն ու շահերը… Որքան ակտիվ է հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների հատվածը, այնքան բարենպաստ է տվյալ երկրի հասարակության վիճակը: Մինչև 2018թ. թվում էր, թե ձևավորվել է իրավապաշտպան ՀԿ-ների կայուն համակարգ, որը տվյալ իշխանության բարքերի պայմաններում պայքարում հանուն մարդու իրավունքների պաշտպանության: 2018-ին փոխվեց ՀԿ դաշտի դասավորվածությունը և գործող իրավապաշտպանությունը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ ՀԿ-ների մի մեծ հատվածը դարձավ իշխանության կցորդը՝ ապացուցելով, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա: Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված իրավախախտումների նկատմամբ դրսևորում է երկակի մոտեցում, դարձել է ի վնաս անհատի իշխանությունների շահերի պաշտպանը: Իրավապաշտպանները լուռ էին, երբ պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ճնշում էր գործադրվում դատավորների նկատմամբ՝ իշխանություններին հաճո որոշումներ ստանալու համար, լուռ էին, երբ շրջափակվում էին դատարանների մուտքերը, լուռ էին, երբ ոտնահարվում էր ՍԴ որոշումը, լուռ են նաև, երբ ճնշումներ են գործադրվում Սահմանադրական դատարանի նկատմամբ, ըմբռնումով են մոտենում բազմաթիվ անհիմն ձերբակալություններին, կալանքի որոշումներին: Առավել հաճախ իրավապաշտպանների հրապարակային ելույթներում հնչում է ատելության խոսք՝ զուգորդված հայհոյանքներով ու սպառնալիքներով: Եվ եթե խախտումների ժամանակ լռում են, ապա շատ հաճախ ակտիվորեն ողջունում են ակնհայտ քաղաքական հետապնդումները: Արդեն անհասկանալի է , թե իրավապաշտպան կազմակերպություններից շատերն ինչու են շարունակում կրել «իրավապաշտպան» անվանումը։ Արդյուքում վարկաբեկվում է «իրավապաշտպան» հասկացությունը։ Այստեղից էլ ծագում է նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցների ձևավորման անհրաժեշտությունը, որտեղ իրավապաշտպանները հավատարիմ կմնան իրենց իրական առաքելությանը: Բայց սա հեշտ պրոցես չի լինելու։ Շատ մեծ է հավանականությունը, որ կազմաքանդված իրավապաշտպանական դաշտը լցնեն արմատական կամ մարգինալ մտածողությամբ տարրերը։ Եթե իրավապաշտպանությունը տապալում է իր առաքելությունը, ապա արագ ձևավորվում է պսևդոիրավապաշտպանություն։ Սրանից դեպի անհանդուրժողականություն և դեպի բռնություն մեկ քայլ է՝ աղմկահարույց պերֆորմանսի և զելյոնկայով երիտասարդների առճակատումը ասվածի վառ ապացույցն է։ Վաղը անկացած թեմա կարող է դառնալ հրապարակային ընդհարման առիթ և ցանկացած կարծիք ու հակակարծիք կարող է ներկայացվել որպես ինչ-որ խմբի կամ հասարակական շերտի իրավունքների պաշտպանություն։ [b]Ասյա Օվանյան «Իմ Ձայնը» նախագիծ, փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ[/b]

Նմանատիպ նյութեր