211652_close_icon
views-count3563 դիտում article-date 17:02 09-11-2019

Կառլ Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսը» հնչեց Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 8-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված էր մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին։ Նա այսօր աշխարհում ամենապահանջված հեղինակներից մեկն է։ Ջենկինսի «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ 50 տարբեր երկրներում՝ այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը։ Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե եւ պլատինե սկավառակի 17 մրցանակի։ Երեւանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրեց Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր ինքը՝ հեղինակը։ «Ադիեմուսը» ունկնդիրներն առաջին անգամ վայելեցին 1995 թվականին, այնուհետեւ այն դարձավ համաշխարհային երեւույթ։ Այս գործը դարձավ ռեժիսոր Հյու Հադսոնի նկարահանած «Delta Airlines»-ի գովազդային հոլովակի երաժշտությունը։ Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ օգտագործում է էթնիկ հարվածային գործիքներ, իսկ տեքստը հնարովի բառերի՝ ջազում գործածվող հնարքներ են։ Կառլ Ջենկինսը նկատում է, որ «Ադիեմուսը» նախապես գրված էր փոքր նվագախմբի եւ կանանց երգչախմբի համար։ Հետագայում, սակայն, սիմֆոնիկ էֆեկտ ստանալու համար նվագախմբում ավելացրել է փողային կազմ, իսկ երգչախմբում՝ տղամարդկանց։ Երեւանում հնչեց հենց այդ տարբերակը։ Նշենք, որ այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը։ Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր