211652_close_icon
views-count1407 դիտում article-date 17:20 08-11-2019

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը և փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Պետք է նշեմ, որ Կրասնոյարսկ քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում միջազգային համագործակցության և քննության ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ոչ միայն ցույց տվեց մեր գերատեսչությունների աշխատակիցների համատեղ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու շահագրգռվածությունը, այլև սկիզբ հանդիսացավ փոխգործակցության նոր փուլի համար: Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման աշխատանքներն ակտիվորեն շարունակվել են նաև մեր մասնագետների աշխատանքային կապերի շնորհիվ: Ինչպես այժմ տեսնում ենք, այդ շփումներն արդեն թույլ են տվել զգալիորեն պարզեցնել համաձայնեցման ընթացակարգը և բարձրացնել միջազգային հանձնարարությունների շրջանակներում դատավարական գործողությունների կատարման որակը, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Կրասնոյարսկ և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում կայացած միջոցառումների շրջանակում կնքված համաձայնագրերի, այդ թվում՝ Երևան քաղաքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում ընդգծեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ևս կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցութունը և պատրաստակամություն հայտնել խորացնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը: Հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր