211652_close_icon
views-count23657 դիտում article-date 09:04 08-11-2019

Դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ երիտասարդ կինոգործիչներ` ռեժիսոր Հայկ Բաբայանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը

Հանրահայտ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը այս տարի Հունիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացավ հասարակական կազմակերպության կարգավիճակ և նոյեմբերի 6-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության բացման շնորհանդեսը, որտեղ կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանի և կազմակերպության փոխնախագահ, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանի գլխավորությամբ ներկայացվեցին կազմակերպության կանոնադրության կարևորագույն կետերը, գաղափարները և առաջնահերթ իրականացվելիք ծրագրերը։ Հոկտեմբերի 15-ին «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ անդամները իրենց ծրագրերն ու նպատակները արդեն ներկայացրել են կինոյի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանին: «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Բաբայանը շնորհանդեսի ժամանակ հայտնել է, որ իրենց նպատակն է իրենց շուրջը համախմբել Հայֆիլմի և հայ կինոյի զարգացման հրատապ խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց և միասին փոխել ՀՀ-ում կինոմթնոլորտը։ Ամենակարևոր կետերից, որ «Հայֆիլմը» պետք է Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղափոխվի ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտ: Տեղափոխվելուց հետո կադրային ջարդ։ Մենք առաջարկում ենք կոնկրետ հաստիքներ, որոնք բաժին առ բաժին կարող են բրենդը զարգացնել: Դրանից հետո արդեն սկսում ենք փուլ առ փուլ գործողությունները: «Հայֆիլմը» պետք է ունենա մի քանի գործառույթներ։ Հայֆիլմում «Նոր սերունդ» ծրագրի յուրաքանչյուր կետ կարելի է իրականացնել առանց միլիոնների և փուլ առ փուլ։ Ամենակարևորը՝ կա հզոր երիտասարդություն, կան շատ տաղանդավոր մարդիկ, բայց հայկական կինոյի ամենամեծ խնդիրը նա է, որ մենք մեզ չենք կարողանում ճիշտ ներկայացնել: Թե՛ դրսում, թե՛ ներսում: Ռեժիսոր Հայկ Բաբայանը նաև հիշեցրեց հյուրերին, որ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը միայն Հայֆիլմի հետ պետք չէ կապել և իրենք ունեն ավելի գլոբալ ծրագրեր և գաղափարներ քան բուն Հայֆիլմի խնդիրը։ Հնչեցին մտքեր նաև կինոկրթության վերաբերյալ։ Կազմակերպությունը ունի նաև սոցիալական ծրագրեր, որոնց մասին շատ շուտով հանրությունը առավել մանրամասն կիմանա։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ փոխնախագահ, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանն էլ հերթին կոչ է արել վերանայել Հայֆիլմի ոլորտից անտեղյակ ղեկավարությանը և սկսել արմատական կադրային ջարդ, որպեսզի իրենք կարողանան սառույցը տեղից շարժել։ Պետությունը իր ներդրումը և լուման անպայման պետք է ունենա այս բոլոր գործընթացներում։ Վերջինիս կարծիքով կինոն ևս մեծ շահույթ կարող է բերել պետությանը, ինչպես տնտեսության մյուս ճյուղերը։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության շնորհանդեսին եկել էին հայտնի դեմքեր, արտիստներ, կինոգործիչներ և պարզապես հայ կինոյի երկրպագուներ։ Ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան հայտնի արտիստներ Վահագն Սիմոնյանը «Պոնչոն», Արսինե Նավասարդյանը, Մարգարիտա Խաչատրյանը և հայտնի հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը։ Հյուրերի թվում էին Տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, դրամատիկական թատրոնի վաստակաշատ արտիստ 80 ամյա Կարպիս Շամլյանը, ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը և բազմաթիվ ուսանողներ։ Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցկացված միջոցառման վերջում կտրել են խորհրդանշական տորթը և կինոյի մի քանի սերունդները միասին շամպայնի բաժակները բարձրացնելով հայտարարել են, որ նոյեմբերի 6-ը պատմական օր է և այսօրվանից սկսելու են ակտիվ գործողությունները և ծրագրերի իրականացումը։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը փորձելու է ամենաբարձր մակարդակով մշտապես ակտիվ լինել քաղաքացիական հասարակությունից սկսած մինչև ՀՀ ամենահեռավոր բնակավայրերում գաղափարական, գործնական տարածումը, զարգացումը և վերաարժևորումը։ Ժողովրդավարությանը մեծ նշանակություն տվող «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը լինելով պետականամետ, ծառայելու է հայ ժողովրդին և հայ կինեմատոգրաֆին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր