հիմնական կայք
Լրահոս

Ցանկալի է, որ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար․ «Առավոտ»

Ցանկալի է, որ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել բազմաթիվ լավ և բազմաթիվ վատ բաներ, ինչպես յուրաքանչյուր մարդու, առավել ևս՝ քաղաքական գործչի մասին:


Եթե փորձենք հատկապես վատը փնտրել, ապա կարելի է արձանագրել, որ նա մի շարք ԱԺՄ-ական, դաշնակցական, ՍԻՄ-ական և 1990-ականների առաջին կեսի այլ ընդդիմադիրների հետ ատելության խոսքի, այսպես ասած, «համահիմնադիրն» է, և այդպիսի խոսքը, ցավոք, դարձավ մեր քաղաքական մշակույթի առանձնահատկություններից մեկը: Եթե քաղաքական պայքարի հիմքում ընկած է այն կանխավարկածը, որ քո ընդդիմախոսը «թուրք» է, «դավաճան» է և այլն, ապա դա ուղիղ ճանապարհ է բացում բռնության, բռնության քարոզի և դրա արդարացման համար: Ընդհուպ մինչև զանգվածային պսիխոզը, երբ հասարակության մեծամասնությունն արդարացնում էր ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը և ոստիկանների սպանությունը:

Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել նաև լավ բաներ. «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային դեմքերից մեկը, որը պայքարը տարավ ճիշտ, Արցախի համար բարենպաստ ճանապարհով, Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը՝ պետություն, որը, անկախ բոլոր լրջագույն խնդիրներից, շանսեր ունի կայանալու: Պատերազմի և ներքաղաքական ճգնաժամի պայմաններում նա նշանակվել էր պաշտպանության նախարար, և իր գործը կատարել էր պատվով: Հուսով եմ, պատմաբաններն այդ ամենը կվերլուծեն ավելի անաչառ և մանրակրկիտ ձևով:

Բայց իշխանության ներկայիս զանգվածային հարձակումը Վազգեն Մանուկյանի վրա՝ կապ չունի նրա վաստակի կամ թերացումների հետ: Քարոզչության հիմքում ընկած է այսօրվա քաղաքական իրավիճակը և վերջին ժամանակներս այդ գործչի կատարած մի շարք քայլերը:

1/ Ի թիվս այլ գործիչների՝ նա նամակ է ստորագրել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

2/ Վազգեն Մանուկյանը հիմնել է կամ հիմնում է «Վերնատուն» հասարակական կազմակերպությունը, որն, ըստ ամենայնի, իշխանության փառաբանմամբ չի զբաղվի:

3/ Հանրային խորհուրդը թեև իր նշանակությամբ չի համեմատվի Սահմանադրական դատարանի հետ, այնուամենայնիվ, այդ երկու պետական մարմինների ղեկավարների ինքնուրույնությունը նյարդայնացնում է իշխանավորներին: Այդպիսով, ՍԴ «ճգնաժամի» կողքին առաջացել է ՀԽ «մինի-ճգնաժամ»:

Մի խոսքով, սովորական քաղաքական պայքար է՝ ոչ մի արտառոց բան չկա: Պարզապես շատ ցանկալի է, որ այդ՝ այսրոպեական խնդիրների քննարկման ընթացքում կատարվող պատմական էքսկուրսների ժամանակ ցեխ չշպրտվի այն ամենի վրա, որոնք թանկ են բոլորիս համար, անկախ քաղաքական հայացքներից՝ պետություն, Արցախ, բանակ: Մնացած «դարակազմիկ բացահայտումները» երկու-երեք օրից կմոռացվեն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք