հիմնական կայք
Լրահոս

«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում». Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում». Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:


Կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը:

«Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի կարևոր որոշումներ ընդունվեն և համագործակցության ճանապարհներ բացվեն Հունաստանի և Հայաստանի, հույն և հայ ժողովուրդների ու մեր սփյուռքների միջև»,- նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հունաստանը Հայաստանի լավագույն բարեկամներից է, և երկու ժողովուրդները միասին անցնելու երկար ճանապարհ ունեն: Արմեն Սարգսյանը Հունաստանի իր գործընկերոջը հրավիրել է ընտանիքի հետ կրկին այցելել Հայաստան:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում: Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, և շնորհիվ Ձեզ՝ այդ բարեկամությունն ունի մեծ ապագա: Անշուշտ, մեր երկրների առջև մեծ մարտահրավերներ կան, բայց ունենք շատ ընկերներ, շատ դաշնակիցներ և պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ բարեկամությունը դառնա հարատև»,- ասել է նա:

Հանդիպմանը հաջորդել է Հունաստանի Հանրապետության նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք