հիմնական կայք
Լրահոս

Վարչական դատարանի դատավորը, ով կասկածվում է դեպքի վայր մեկնող հրշեջ-փրկարարներին ատրճանակով սպառնալու մեջ, կատարվածի մասին արդեն ցուցմունք է տվել. գործով զբաղվում է ՀՔԾ-ն

Վարչական դատարանի դատավորը, ով կասկածվում է դեպքի վայր մեկնող հրշեջ-փրկարարներին  ատրճանակով սպառնալու մեջ, կատարվածի մասին արդեն ցուցմունք  է տվել. գործով զբաղվում է ՀՔԾ-ն SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից նախապատրաստված նյութեր են ստացվել վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի և կանչով դեպքի վայր մեկնող հրշեջ-փրկարարների միջադեպի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված միջադեպի փաստով կատարվածի մասին արդեն բացատրություններ են տվել փրկարարները և դատավորը:

SHAMSHYAN.com-ի տեղեկութուներով՝ եթե նախկինում դատավորը հերքում էր, որ ինքը ատրճանակ է հանել ու պահել փրկարարների վրա, ապա փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը զենքով է եղել ու զենքը ձեռքին դուրս է եկել, որպեսզի այդ մարդիկ (նկատի ունենալով կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարներին) վախենան:

Կարծես դատավորը շարունակում է «Գյուլնազ տատու» հեքիաթները պատմել, մինչդեռ փրկարարները եղել են ծառայողական համազգեստով ու դժվար թե դատավորը չտարբերակեր քաղաքացիական ու ծառայողական հագուստը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս էր եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր պարզել էին, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել էր, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր, իսկ իրավապահներն ունեն կասկածներ, որ դատավորը «Գյուլնազ տատու հեքիաթ է պատմում», հակառակ դեպքում փրկարարներն ի՞նչ գիտեին, որ նրա մոտ ատրճանակ է եղել, թե՞ դատավորը մտածել է, որ ինքը գտնվում է հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի այն դրվագում, երբ ատրճանակը ձեռքին «Գյումրվա տրնգի էին պարում»։


Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք